Կանցկացվի Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով
Հունիսի 28-30-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին:
Մատենադարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ գիտաժողովի ընթացքում կներկայացվեն ավելի քան 70 զեկուցում հայագիտության տարբեր ուղղություններով՝ աղբյուրագիտություն, ձեռագրագիտություն, բանասիրություն, արվեստ, փիլիսոփայություն, պատմություն, աստվածաբանություն և այլն: Միջազգային գիտաժողովին զեկույցներով հանդես են գալու նաև արտասահմանյան (Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, Հունաստան, Ուկրաինա) հեղինակավոր գիտնականներ: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։
Հունիսի 28-ին՝ գիտաժողովի բացման արարողությունից անմիջապես հետո, կկայանա Լևոն Խաչիկյան ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցադրության բացումը:
Գիտաժողովի ավարտին (հունիսի 30) տեղի կունենա գրքերի շնորհանդես։
Լևոն Խաչիկյանը ծնվել է 1918 թվականի մայիսի 1-ին Երևանում։ 1935 թվականին Լ. Խաչիկյանը ավարտում է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1940 թվականին Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1939 թվականին Մատենադարանը տեղափոխվել էր Երևան, և նրան կից ստեղծվել էր ասպիրանտուրա։ Լ. Խաչիկյանը եղել է Մատենադարանի առաջին ասպիրանտներից՝ Հակոբ Մանանդյանի ղեկավարությամբ։ 1940-1944 թթ. որպես մատենագետ աշխատանքի է անցնում Մատենադարանում։ 1944 թվականին դառնում է ձեռագրատան վարիչ։ 1945 թ պաշտպանում է «Եղիշեի Արարածոց մեկնութիւնը» ատենախոսությունը և ստանում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1949 - 1954 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ 1951-1954 թթ Լ. Խաչիկյանը դառնում է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա՝ Հրապարակումների բաժնի վարիչ։
1954 թ. Լևոն Խաչիկյանը՝ 36 տարեկան հասակում, դառնում է Մատենադարանի տնօրեն, և մինչև կյանքի վերջը ղեկավարում այն։ Լ. Խաչիկյանի օրոք Մատենադարանի կյանքում տեղին են ունենում հսկայական փոփոխություններ։ Մատենադարանը գրադարանային տիպի հիմնարկությունից դառնում է գիտահետազոտական ինստիտուտ, տեղափոխվում է նոր շինություն, ստեղծվում են գիտական բաժիններ, ավելանում է գիտաշխատողների քանակը։
Լևոն Խաչիկյանը մահացել է 1982 թ մարտի 12-ին՝ Երևանում։ Նրան հետմահու շնորհվել է ՀԽՍՀ պետական մրցանակ՝ «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյակի պատրաստմանը մասնակցելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները