«Մատնաչափիկը» ներկայացման հերթական մրցանակները
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Մատնաչափիկը» ներկայացումը մասնակցել է ԱՄՆ-ի Վենիս քաղաքում անցկացված AACT World Fest-ին և ստացել ամենաբարձր՝ ժյուրիի անդամների մրցանակը «1000-ավորների աշխատանք որը կատարվել է 3 դերասանի կողմից» անվանակարգում, ինչպես նաև մեկ այլ մրցանակ «Լավագույն մուլտիմեդիա» անվանակարգում։
Ներկայացման ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը Panorama.am-ին պատմեց, որ ներկայացումը ինչպես ժյուրիի, այնպես էլ հանդիսատեսի կողմից շատ լավ է ընդունվել։
«Շատ հետաքրքիր էր հանդիսատեսի ընկալումը, երևի մանկական ներկայացում «Մատնաչափիկն» առաջին անգամ ամբողջությամբ նայում էին մեծ հասակի հանդիսականներ։ Արձագանքը շատ լավ էր, նշում էին, թե ինչքան են հավանել ներկայացումը։
Ժյուրիի կողմից եղավ քննարկում, հետաքրքիր մեկնաբանություններ հնչեցին»,- ասաց ռեժիսորը։
Բեմադրությունը ներկայացվել է անգլերեն։
Նա տեղեկացրեց, որ փառատոնին մասնակցել են թատրոններ Գերմանիայից, Արգենտինայից, Նեպալից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Չիլիից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Սլովենիայից։ Եվ դրամատիկ, և տիկնիկային ներկայացումների փառատոն էր։
Ս. Մովսեսյանն ասաց, որ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հրավիրվել է մասնակցելու նաև հաջորդ փառատոնին։ Նա նաև նշեց, որ խոսել է Չիլիի թատրոններից մեկի ղեկավարի հետ, պետք է սկսեն բանակցությունները, գուցե իրենց հրավիրեն Չիլի՝ ներկայացում անելու։
Հիշեցնենք, որ «Մատնաչափիկը» ստվերային ներկայացումը 2017-ին մասնակցել է Պրահայում Pidifest միջազգային թատերական փառատոնին, ստացել ժուրիի 4 անվանակարգերից ամենագլխավոր մրցանակը՝ «Լավագույն ներկայացում ըստ հանդիսատեսի գնահատականի»:
Մատնաչափիկը» ստվերային ներկայացումը հիմնված է Հ. Ք. Անդերսենի համանուն հեքիաթի վրա: Ներկայացման մեջ օգտագործվում են ստվերային թատրոնի տարատեսակները և անիմացիոն հատվածներ: Հեքիաթը մի աղջկա մասին է, որ ծնվում է ծաղիկի միջից ու, անցնելով բազմաթիվ փորձությունների ու արկածների միջով, հասնում է իր երազանքին: