Աղիքային վարակների աճի հիմքում ջրի գործոնը բացառվում է.դեպքերի ավելացումը բնորոշ է սննդային գործոնին
Ներկայում Հայաստանում, սեզոնին համապատասխան, աղիքային վարակները, այդ թվում՝ դիզենտերիան, ունեն աճի միտում: Դիզենտերիան, ինչպես բոլոր աղիքային հիվանդությունները, ունեն ամառ-աշուն սեզոնականություն, այսինքն այս սեզոնին դրանց թիվն աճում է։ Հայտնում են առողջապահության նախարարությունից։
Ըստ աղբյուրի, վերջին օրերին, աղիքային վարակների սեզոնային ակտվության հետ կապված, բնակիչները մտահոգություն են հայտնում, թե վարակի հիմքում կարող է լինել ջրի որակական խնդիրը: Այս մտահոգությունները հիմնավոր չեն, ինչը փաստում են լաբորատոր հետազոտությունների արդյունքները:
Այսպես, բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակի և անվտանգության նկատմամբ մշտապես իրականացվող դիտարկման արդյունքում Երևան քաղաքի վարչական տարածքներում հունիս ամսվա ընթացքում հետազոտված խմելու ջրի նմուշներում մանրաէաբանական ցուցանիշների ոչ մի շեղում չի արձանագրվել: Միաժամանակ խմելու ջրի որակի նկատմամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում նաև ջրամատարակար ընկերության կողմից:
«ՀՀ-ում դիտվող դեպքերի աճը պայմանավորված է սննդային գործոնով, այդ են փաստում նաև լաբորատոր հետազոտությունները, որոնք արձանագրում են շիգելլայի Զոննե տեսակը, որը բնորոշ է սննդային գործոնին», - նշում են ԱՆ-ից։
Հարակից հրապարակումներ`
- «18 հիվա՞նդ». մայրիկները, աղիքային ինֆեկցիան, անվստահելի ջուրն ու առողջապահության նախարարությունը
- Երեխաների շրջանում գրանցված դիզենտերիայի պատճառը, ըստ Առողջապահության նախարարության