Պետերբուրգյան «Էսսե Կվինտետ» համույթը ելույթ է ունեցել Երևանում
Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում մայրաքաղաքի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել պետերբուրգյան հանրահայտ «Էսսե Կվինտետ» համույթի համերգը, որին, ի թիվս բազմաթիվ հյուրերի, ներկա են գտնվել Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան և Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ, «Էսսէ Կվինտետ» համույթի անդամներն իրենց բնորոշ, ուրույն մատուցմամբ ներկայացրել են ինչպես համաշխարհային և ռուս, այնպես էլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան նշել է, որ նման համերգային ծրագրերը շատ կարևոր են երկու քաղաքների միջև հաստատված մշակութային կապերի ամրապնդման և զարգացման համար:
2007 թվականին պետերբուրգցի ուսանողների կողմից հիմնադրված «Էսսէ Կվինտետ» համույթը ՌԴ-ում ամենասիրված երաժշտական խմբերից մեկն է: Այն արդեն հասցրել է արժանանալ տասնյակ պետական և այլ մրցանակների: Համույթը հայտնի է դասական, ռոք, ազգային և այլ ժանրերի երաժշտությունների յուրահատուկ մատուցմամբ: