Ձերբակալման հենց առաջին օրը այցելել եմ Մանվել Գրիգորյանին. Արման Թաթոյան
«Շատ կարևորում եմ կոռուպցիայի դեմ պայքարը և պատասխանատվության խիստ միջոցների կիրառումը։ Դրա հետ մեկտեղ պետք է մշտապես պահպանել իրավական ընթացակարգերի կանոնները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով ՄԻՊ-ը մանրամասն հետևում է ԱԱԾ վերջին գործողություններին։
Ինչ վերաբերվում է մարդկանց բերման ենթարկելը ներկայացնող տեսանյութերին, Թաթոյանն ասաց, որ դրանք դառնալու են քննության, առնվազն գնահատականի առարկա:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը՝ նա նշեց, որ փաստաբանն ահազանգել էր խոշտանգման մասին և ինքը հանձնարարել էր՝ կապվել փաստաբանի հետ և հասկանալ կոնկրետ ինչում է խնդիրը։
«Փաստաբանը նշել էր, որ այս պահին չի գտնում անհրաժեշտություն ուղիղ մեզ դիմելու, այս պահին մեզ ուղղված դիմում, բողոք չունենք։ Բայց առաջիկա այցերից մեկում՝ քրեակատարողական հիմնարկներ, մեր աշխատակիցները նրան կտեսակցեն։ Մեզ համար որևէ նշանակությունն չունի մարդն ինչ հանցանքի մեջ է մեղադրվում, որքան էլ որպես քաղաքացի չընդունեմ և զազրելի համարեմ ենթադրյալ հանցանքը, միևնույն է, ազատությունից զրկման հարցում պարտավոր եմ ցուցաբերել միանման մոտեցում»,- ասաց օմբուդսմենը։
Թաթոյանը տեղեկացրեց նաև, որ ձերբակալման հենց առաջին օրը այցելել է Մանվել Գրիգորյանին. «Առանձնազրույց ենք ունեցել։ Նա ասաց, որ դեղերի կարիք ունի, բայց ձերբակալված անձանց վայրը պատշաճ արձագանք էր տվել, հենց մեր առանձնազրույցից հետո բժշկուհին սպասում էր, որ հետազոտեր ու դեղերի հարցը լուծեր»։
Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ օրենքի տեսանկյունից պետք է լինի հավասար մոտեցում բոլորի նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի Արցախի տանից հայտնաբերվել է հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ. ԱԱԾ
- Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել
- Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
- Մանվել Գրիգորյանի փաստաբանին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիք ուղարկած քաղաքացին բացատրություն է տվել
- Մանվել Գրիգորյան. Ես հավատում եմ արդարադատությանը
- Փաստաբանը վարչապետին կոչ արեց հրապարակային ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից
- ՀՔԾ-ն դիմում է քաղաքացիներին՝ Մանվել Գրիգորյանի քրգործով