«Փոքր թատրոնի» դերասանները հիացրել են միջազգային փառատոնի հանդիսատեսին
Գերմանիայում հունիսի 21-ից մեկնարկել է Միջազգային մանկական թատերական փառատոն, որին մասնակցում է 17-ից ավելի թատրոններ աշխարհի տարբեր երկրներից՝ Ինդոնեզիա, Էլ Սալվադոր, Կանադա, Ուկրաինա, Սլովենիա, Լեհաստան, Խորվաթիա, Ճապոնիա, Չինաստան, Բենին, Զամբիա, Պարագվայ, Կոլումբիա, Գերմանիա, Մեքսիկա, Հնդկաստան, Էստոնիա, Հունաստան, Գանա, Հայաստան և այլն: Համաշխարհային փառատոնին Հայաստանը ներկայացրել է «Փոքր թատրոնը» (Գեղագիտության ազգային կենտրոն) «Տզզան Բզզան Զնգան հեքիաթներ»ներկայացումով։
Panorama.am-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը պատմեց, ով դեռ չէր վերադարձել Գերմանիայից, համաշխարհային փառատոնում մրցանակներ չկան, բայց հանդիսատեսից ստացված արձագանքները ոգևորել են դերասաններին։
«Արձագանքները գերազանցեցին մեր սպասելիքները։ Դահլիճը լեփ- լեփցուն էր, 800-ից ավելի հանդիսատես, վերջում բուռն, երկարատև, հոտնկայս ծափահարություններ։ Բոլորը հիացած էին ներկայացման գեղարվեստական բարձր մակարդակով, երիտասարդ դերասանների անմիջական և վառ խաղով»,- ասաց նա։
Վ.Բադալյանը նշեց, որ մի քանի փառատոներից նոր բազմաթիվ հրավերներ են ստացել, իրեն հրավիրել են վարպետության դասեր անցկացնելու գերմանացի ուսանողների հետ։
Նա ասաց, որ իրենք փառատոնին մասնակցելու հրավեր դեռ անցած տարի էին ստացել։
Փառատոնը շարունակվելու է մինչև հունիսի 30-ը։
Լուսանկարները և տեսանյութը՝ «Փոքր թատրոն» -ի ֆեյսբուքյան էջից։