Հայաստանում տղամարդիկ չարաշահում են աղի օգտագործումը
STEPS հետազոտության շրջանակում 18-ից 69 տարեկան բնակչության շրջանում, առաջին անգամ Հայաստանում իրականացվել է կենսաքիմիական լաբորատոր հետազոտություն, որը ցույց է տվել բնակչության կողմից աղի օգագործման պատկերը: Հայաստանում STEPS ազգային հետազոտության աշխատանքները համակարգվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից:
Համաձայն ամփոփված տվյալների, հարցվածների 35.4%-ն ուտելուց առաջ կամ ուտելիս ավելացնում են աղ, ընդ որում՝ տղամարդիկ (40.3%) ավելի շատ և հաճախ են օգտագործում աղ կամ աղային թանձրուկներ, քան կանայք (30.1%):Աղի օգտագործումն ըստ տարիքային խմբերի դիտարկելիս կարելի է փաստել, որ ավելի երիտասարդ տարիքային խմբի շրջանում՝ 18-44 տարեկան, աղի օգտագործման հաճախականությունն ավելի բարձր է 45-69 տարեկանների համեմատ:
Աղի օգտագործման հաճախականությունն ըստ կրթական մակարդակի դիտարկելիս երևում է, որ այդ ցուցանիշները հակադարձ համեմատական են՝ որքան բարձր է կրթական մակարդակն, աղի օգտագործման հաճախականությունն ավելի ցածր է, սա կարող է պայմանավորված լինել իրազեկվածության մակարդակով:
Հետազոտությունում նշված է, որ աղի օգտագործումը գնահատվել է մեզի կենսաքիմիական հետազոտություն մեթոդով: Ինչպես արդեն նշվեց, ՀՀ-ում STEPS ազգային հետազոտության միջոցով առաջին անգամ որոշվել է աղի օգտագործման քանակի միջինը, ըստ մեզում նատրիումի և կրեատինի քանակի:
Համաձայն ստացված տվյալների՝ ՀՀ 18-69 տարեկան բնակչության շրջանում, օրվա ընթացքում աղի օգտագործման միջին քանակը 9.8 գ/օր է, տղամարդկանց դեպքում՝ 11.0 գ/օր, կանանց` 8.4 գ/օր :
Այսինքն, տղամարդիկ չարաշահում են աղի օգտագործումն օրական 2.6 գ-ով ավելի, քան կանայք: