Քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում դադարեցնել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները
Այս օրերին Քաղաքաշինության պետական կոմիտեն ստացել է բազմաթիվ դիմումներ և արձագանքներ՝ Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի մուտքային համալիրի մոտ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լրատվական ծառայությունից։
Դիմում են ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ: Հարցը մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում: Իրենց մտահոգությունն են հայտնել Ջիմ Թորոսյանի ժառանգները:
Ներկայում, քաղաքաշինական նորմերի խախտումներով կատարվում են արձանի տեղադրման աշխատանքներ՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի հեղինակությամբ նախագծված համալիրի տարածքում:
Անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել մի քանի կարևոր հանգամանքի.
Նշված աշխատանքները, համաձայն ՀՀ օրենսդրության, անհրաժեշտ էր համաձայնեցնել այդ բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել, խախտելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները:
Արձանի տեղադրման հարցը չի ներկայացվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի քննարկմանը:
Խախտվել է նաև «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Հաշվի առնելով թվարկված հանգամանքները՝ Քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում հստակեցնել իր դիրքորոշումը. այն է՝ դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ և տվյալ համալիրի տարածքում որևէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը դարձնել հանրային քննարկման առարկա:
Հարակից հրապարակումներ`
- Հաղթած Արամ Մանուկյանի չհաղթած հուշարձանը, այնուամենայնիվ կտեղադրվի մայրաքաղաքում
- Արամ Մանուկյանի արձանի զոռով «ընտրության» տարօրինակ պատմությունը
- «No comment». Արամ Մանուկյանի արձագանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան