«Դպրոցական դասագրքերը վերանայելու կարիք կա». քննարկում
«Դասագրքեր ստեղծելը շատ դժվարին, միաժամանակ պարտավորեցնող ու անշնորհակալ գործ է»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ անդրադառնալով նորագույն ժամանակաշրջանի մասին դասագրքեր ստեղծելուն։
Նրա խոսքով՝ մեր օրերի մասին գրելը բավականաչափ դժվար է, քանի որ քաղաքական կարծրատիպ գոյություն ունի։
«Գործող քաղաքական կուսակցությունների, անձերի պարագայում մեր օրերի դեպքերի գնահատականը բնականաբար ամեն մեկը պատկերացնում է իր տեսանկյունից։ Արցախյան շարժման վերաբերյալ ամեն մի քաղաքական ուժ ունի իր մոտեցումները և յուրաքանչյուրն իր տեղն ու դերն ուզում է կարևորել։
Կրթության ազգային ինստիտուտ հայագիտության և սոցիալ մշակութային առարկաների բաժնի վարիչ Արամ Նազարյանը նշեց, որ դպրոցական դասագրքերը վերանայելու և 12-ամյա պարտադիր կրթական համակարգին հարմարեցնելու կարիք ունեն։
«Կրթական համակարգում կարևոր փոփոխություն է եղել՝ 2017-ից անցել ենք պարտադիր 12-ամյա միջնակարգ կրթական համակարգին: Սակայն հանրակրթության բովանդակությունը մնացել է նույնը, այսինքն՝ 9+3 տարբերակով և նախկին բովանդակության կառուցակարգով: Սակայն պետք է փոխել առարկաների չափորոշիչները, ծրագրերը, որոնց հիման վրա են գրվում դասագրքերը։ Մինչ այդ ընթացակարգը չավարտեն, չեն կարող դասագրքերը վերանայել կամ լիովին փոխել»,- ասաց Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ թե նախարարության, թե կրթության ազգային ինստիտուտի առաջնահերթ խնդիրն է հնարավորինս շուտ ավարտին հասցնել սկսած գործընթացը, առարկայական նոր չափորոշիչներ սահմանել ու նոր ծրագիր կազմել:
«Դրանից հետո կլինի դասագրքերի մրցույթ, և կներկայացվեն նոր բովանդակության դասագրքեր: Ինչպիսին կլինի տարբեր առարկաների դասագրքերի բովանդակային բաշխումն ըստ տարիների, ցույց կտան մասնագետների և նախարարության համատեղ քննարկումները»,- հավելեց նա։
Քննարկմանը ներկա ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը շեշտեց, որ դասագրքերը փորձաշրջան, քննություն են անցնում, այսինքն՝ քննարկվում է ուսուցիչների հետ, հաշվի է առնվում նրանց առաջարկները. «Ես աշխատել եմ դասագիրք ստեղծելու վրա և փորձել ենք ամեն դեպքում օբյեկտիվության չափանիշը չխախտել»։
Արամ Նազարյանն ավելացրեց, որ պատմագիտությունն ու պատմության դասագիրքը չպետք է դնել նույն կշեռքի վրա. «Պատմագիտության ամբողջ նյութը մենք չեն կարող դարձնել սովորողի համար ուսումնասիրման տեքստ։
Էդիկ Մինասյանն էլ նշեց, որ իրենք միշտ պատրաստ են խնդիրների ու հարցադրումների մասին քննարկումներ կազմակերպել, առաջարկները քննարելու, սկզբունքները որոշելու, որով պետք է գրվեն նորագույն պատմության դասագրքերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան