Երբեք այսքան հպարտ չեմ եղել, որ հայ եմ. Ալեքսիս Օհանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիսի Օհանյանի հետ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր կառավարությունում հանդիպեցի Ալեքսիս Օհանյանին: Խոսելով Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին նա ասաց. երբեք այսքան հպարտ չեմ եղել, որ հայ եմ»,- գրել է վարչապետը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը ևս տեղեկություն է տարածել հանդիպման մասին. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:
Վարչապետը ողջունել է Օհանյանի այցը Հայաստան և նշել, որ ուրախ է նրա ու սփյուռքահայ մեր մյուս հայրենակիցների արձանագրած յուրաքանչյուր հաջողության համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայության ներուժի իրացումը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու բարօրության:
Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է իր տպավորությունները հայրենիքից և Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությանը մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ: Նշելով, որ սա իր 6-րդ այցն է հայրենիք՝ Օհանյանը հավելել է, որ ուրախ կլինի նպաստել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցությանը և Ալեքսիս Օհանյանի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններին վերաբերող հարցեր»:
Հիշեցնենք, որ հայազգի գործարարը Instagram-ի իր էջում Հայաստանից լուսանկարներ է հրապարակում: Նրանցից մեկում գրել է՝ «24 ժամ է՝ Հայաստանում եմ: Հետևեք»: Այնուհետև հայկական շուկաներից մեկում արված լուսանկար, որտեղ ներկայացված են թթուների տեսականի, հայկական ծիրան: Գործարարը գրել է. «Այցելություն դեպի շուկա. աներևակայելի համեղ են ծիրանները», հետո ավելացրել է. «Մենք շատ լավ թթու ենք դնում: Իմ հայրը նախկինում հաճախ էր բանջարեղենը թթու դնում ձմռան համար: Կարծում եմ՝ ժամանակի հարց է, որ ես էլ սկսեմ»:
Instagram-ի իր էջում հրապարակած նկարներից մեկում էլ արծաթե հուշադրամով է, որը նրան նվիրել է մանկության ընկերը: «Լավագույն ընկերներիցս մեկը մանկության տարիներին ինձ է նվիրել արծաթից հայկական մետաղադրամ՝ Նոյան Տապանի և Արարատի գեղազարդմամբ։ Այդ ժամանակվանից ի վեր՝ ես այն միշտ պահում եմ ինձ մոտ աշխարհի որ կետում էլ լինեմ», -գրել է նա:
Ալեքսիս Օհանյանը եղել է նաև «Թումո» կենտրոնում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին