Աթոյան փողոցում կոյուղաջրերի կողքին երեխաներ են խաղում
Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցում հակասանիտարական վիճակ է ստեղծվել, մի քանի տների կոյուղաջրերը հոսում են հարևան բակով: Շոգ եղանակի պայմաններում գարշահոտը տարածվում է ամենուր, կեղտաջրերում որդեր են ի հայտ եկել: Չնայած դրան, բակում երեխաները խաղում են:
Այս իրավիճակը, ինչպես բնակիչներն են պատմում, առաջացավ այն բանից հետո, երբ հարևաններից մեկը՝ Վ. Հ.-ն Նոր-Արեշ 8-րդ փողոց 27 հասցեի բնակելի տունը ձեռք բերելուց հետո ինքնակամ փակեց կոյուղու խողովակաշարը: Հարևանի հետ բանակցություններն արդյունք չեն տվել, նա անդրդվելի է, չի ուզում բացել և վերջ:
Խնդրին լուծում տալու համար բնակիչները դիմել են Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմ, Երևանի քաղաքապետարան, առողջապահության նախարարություն, քաղաքաշինության նախարարություն, քաղաքապետարան, «Վեոլիա Ջուր» ընկերություն: Դիմումներն անպատասխան են մնացել, թաղապետարանից ու քաղաքապետարանից ասել են՝ իրենց նման խնդրով զբաղվելու իրավասություն չունեն, «Վեոլիա Ջուր» ընկերությունից ասել են, եթե խնդիրը դարպասից ներս է, իրենք կապ չունեն, սանէպիդկայանից բացատրել են, իրենք զբաղվում են աղբով ու առնետներով, բայց ոչ կոյուղաջրերով: Քաղաքացիներն իրենց խնդրի հետ միայնակ են մնացել՝ չիմանալով էլ ուր կարող են դիմել:
«Իրար վրա են գցում, ոչ մեկ հստակ բան չի ասում: Չգիտենք էլ ում ասենք, ոնց ասենք: Հիմա եղանակը տաք է: Ավելի շատ դրսում ենք լինում, սարսափելի հոտ է տարածվում, որդեր են առաջցել, կեղտից ճանճերն ու այլ միջատներ կարող են հազար ու մի հիվանդություն տարածել: Որևէ մարմնի խնդիրը չի հետաքրքրում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Քրիստինեն:
Քաղաքացիները դիմել են նաև դատարան: Այսօր հայց են ներկայացրել՝ պահանջելով հարկադիր սերվիտուտ սահմանել խողովակաշարը փակած հարևանի նկատմամբ:
«Աթոյան փողոցի բնակելի տների համար ջրահեռացման համակարգի անցկացման այլ ճանապարհ կամ միջոց գոյություն չունի, այն պարզ պատճառաբանությամբ, որ Աթոյան փողոցի կոյուղու խողովակագիծը ավելի բարձր է, քան Աթոյան փողոցի բնակելի տները դիրքը: Հետևաբար, խմելու ջրի հոսքը բարձր մակարդակից դեպի ցածր մակարդակ հնարավոր է ապահովել, սակայն ցածր մակարդակից դեպի բարձր մակարդակ կոյուղաջրերի հետադարձ հոսք հնարավոր չէ ապահովել:
Վերոհիշյալից հետևում է, որ 50 տարի առաջ ջրահեռացման պետական հատակագիծ կազմելիս հաշվարկվել և մշակվել է այնպիսի հատակագիծ, որը կապահովեր կեղտաջրերի անարգել հոսքը դեպի դիտահոր»,-ասված է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցում:
Հայցվորները հիշեցնում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225.5-րդ «ջրօգտագործում» վերտառությամբ հոդվածի մասին, որի համաձայն` ջրային հոսքերը, որոնք անցնում են հարևանների հողամասերով, չեն կարող շեղվել կամ փոփոխվել մեկ հողամասի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի կողմից այնպես, որ խաթարվի հարևան հողամասի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի կողմից այդ հոսքերի բնականոն օգտագործման իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ հարևանների փոխադարձ համաձայնությամբ։
Բացի այդ հայցվոր կողմը հիշեցնում է ՀՀ ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի մասին, որի համաձայն համաձայն` մայրուղային և միջհամայնքային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անօտարելի գոտիները պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն:
«Նշված հոդվածից հետևում է, որ ջրային համակարգերը` ջրամատակարարում և ջրահեռացում, դրանք պետական սեփականություն են և քաղաքացիները իրենց անձնական ցանկությամբ չեն կարող փոփոխել, շեղել պետական հատակագծի համաձայն կառուցված կոյուղու կամ խմելու ջրի խողովակները: Բացի այդ, կոյուղու փակումը կարող է հանգեցնել սանիտարահամաճարակային վտանգի առաջացման /հաշվի առնելով նաև եղանակային առանձնահատկությունները/, ինչը ուղղակի կարող է ազդել շրջակա միջավայրի և մարդկանց կյանքի, առողջության վրա: Հարկ է նշել, որ նշված հասցեում բնակվում են նաև ծերեր, սոցիալական անապահովության համակարգում գրանցված անձ /հիմք` կից ներկայացված սոցիալական անապահովության վկայականը/, հաշմանդամ անձինք, ինչպես նաև անչափահաս երեխաներ»,-ասված է հայցադիմումում:
Բնակիչները հույս ունեն, որ խնդիրը մեկ օր շուտ կլուծվի, հակառակ դեպքում վատ ու շատ հետևանքներից խուսափել չի լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան