Պուտին-Թրամփ հանդիպման ակնկալիքներն ու անհանգստությունները
Հունիսի 27-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Մոսկվայում էր՝ քննարկելու նախագահներ Թրամփի և Պուտինի հանդիպման հնարավորությունը և մանրամասները։ Կողմերը եկել են համաձայնության, որ հանդիպումը կկայանա՝ հուլիսի կեսերին, երրորդ երկրում։ Մանրամասները ակնկալվում են այսօր։
ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները որոշ գնահատումներով գտնվում են սառը պատերազմի ավարտից հետո ամենացածր մակարդակում։ Լրջագույն խնդիրներ կան երկու երկրների միջև՝ Ուկրաինա, Սիրիա, ամերիկյան սանկցիաներ, ԱՄՆ 2016թ․-ի ընտրություններ, կիբեռանվտանգություն, ժողովրդավարություն, եթե թվարկելու լինենք մի քանիսը։
Ընդհանրապես հակասություն կա ռուսական ու ամերիկյան աշխարհընկալման, աշխարհակարգի հետագա զարգացման, երկրի ներսում հանրային կյանքի կազմակերպման սկզբունքների առումով։ Լարված են նաև Ռուսաստանի հարաբերությունները ԱՄՆ եվրոպական դաշնակիցների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի և արևելաեվրոպական երկրների հետ։ Վերջիններս վախենում են ռուսական էքսպանսիայից՝ ԱՄՆ-ին դիտարկելով անվտանգության երաշխավորը։
Այս համատեքստում մեծ չեն ակնկալիքները Թրամփ-Պուտին հանդիպումից, հատկապես, որ ամերիկյան պետական այլ կառույցներ ոչ այնքան դրական են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, ինչքան նախագահը։ Արտաքին քաղաքականության մեջ «բազեի» համբավ ունեցող նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնի խոսքով՝ հենց միայն հանդիպումն արդեն արդյունք է, և Պուտինի ու Թրամփի ուղիղ շփումները բխում են ԱՄՆ շահերից։ Այդուհանդերձ ռուսական կողմի ակնկալիքներն ավելին են, և նախագահ Պուտինի խոսքով՝ Բոլտոնի Մոսկվա այցը «հույս է ներշնչում, որ մենք գոնե կկարողանանք կատարել առաջին քայլերը՝ մեր պետությունների միջև լիարժեք հարաբերությունների վերականգման ուղղությամբ»։
Եթե նույնիսկ սպասվող հանդիպումը էական առաջընթաց չգրանցի ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կարգավորման առումով, դրա կայացման փաստն արդեն իսկ ձեռքբերում է ռուսական կողմի համար՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական առումով։
Մյուս կողմից Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպման հետ կապված որոշակի անհանգստություն կա ԱՄՆ եվրոպական դաշնակիցներ մոտ՝ հաշվի առնելով նախագահ Թրամփի ինչ-որ առումով անկանխատեսելիությունը և ոչ վաղ անցյալում նրա կատարած քայլերը, մասնավորապես, ՆԱՏՕ-ի նկատմամբ քննադատությունը, Մեծ Յոթյնակի վերջին հանդիպման հայտարարության չստորագրելը, և ընդհանրապես, ԱՄՆ ավանդական բարեկամ երկրների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը։ Մտահոգությունն այն է, որ Թրամփը կարող է Պուտինի հետ պայմանավորվել՝ շրջանցելով նրանց շահերը և թուլացնելով Ռուսաստանի վրա ճնշումը։ Հյուսիսային Կորեայի նախադեպը կա, երբ ԱՄՆ գործող նախագահը Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը ոչ ամբողջությամբ է հաշվի առել ասիական դաշնակիցների շահերը։
Ինչևէ, եթե ԱՄՆ դաշնակիցների համար այս հանդիպումը գուցեև բացասական ազդեցություն ունենա, կարծում ենք, որ Ռուսաստանի ոչ շատ դաշնակիցների, մասնավորապես՝ Հայաստանի համար այն կարող է դրական հետևանքներ ունենալ։ Ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածության թուլացման ցանկացած քայլ, այդ թվում՝ բարձր մակարդակի երկխոսության վերականգնումը, կընդլայնի այն մանևրելու տարածությունը, որն հարկավոր է Հայաստանին բազմավեկտոր քաղաքականություն վարելու համար։ ԱՄՆ-ը և Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ են, և, չնայած նրանց տարաձայություններն ուղիղ չեն արտացոլվել այս ձևաչափի վրա, բայց նախընտրելի է, որ միջնորդների աշխատանքը սահուն լինի և նրանց միջև հակասությունները լինեն կառավարելիության գոտում։
Այնպես որ, ինչքան էլ հակասական ու միակողմանի լինեն նախագահ Թրամփի արտաքին քաղաքական ձեռնարկները և բխեն ամերիկյան եսակենտրոնությունից, ինչքան էլ որ Արևմուտքի համար անընդունելի լինի նախագահ Պուտինի վարած քաղաքականությունն ու գաղափարախոսությունը, այս երկու ղեկավարների հանդիպմանը գոնե աշխարհի մեր մասում պետք է սպասենք դրական ակնկալիքներով։