Սևանում նախապատրաստվում են հանգստյան սեզոնի բացմանը
«Մի քանի օրից մարզում մեկնարկում է հանգստյան սեզոնը, որի ընթացքում սպասվում է մեծաքանակ զբոսաշրջիկների հոսք, որի դեպքում և ի հայտ են գալիս հասարակական կարգի պահպանման, մարդկանց կյանքի անվտանգության ապահովման, առողջապահական, շրջակա միջավայրի մաքրության պահպանման և այլ խնդիրներ: Դրա համար հարկավոր է բոլոր ուղղություններում ապահովել հանգստյան սեզոնի անվտանգ ու պատշաճ սպասարկում»,- այս մասին այսօր հրավիրած խորհրդակցությանը նշել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը։
Մարզպետարանի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Ոստիկանության , ՀՀ ԱԻՆ մարզային և Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, «Սևան» ԱՊ տնօրենը, Սևանի քաղաքապետը:
«Սևան» ԱՊ տնօրենի ներկայացմամբ՝ հանգստյան սեզոնի մեկնարկը կտրվի հուլիսի 1-ին՝ հանրային չորս լողափերում, որոնք պատրաստ կլինեն ընդունել հանգստացողներին: ՀՀ Ոստիկանության և ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների ղեկավարների զեկուցմամբ՝ իրենց ծառայությունները պատրաստ են՝ իրականացնելու հասարակական կարգի պահպանումը և հանգստացողների անվտանգությունը:
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետն իր հերթին զեկուցել է հանրային լողափերում և Երևան-Սևան մայրուղու նախատեսված հատվածում շուրջօրյա բուժսպասարկման հերթապահ կետեր տեղադրելու մասին:
Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշել է, որ քննարկվող հարցերի կողքին հարկավոր է առանձնակի ուշադրություն դարձնել նաև շրջակա միջավայրի մաքրության պահպանման վրա՝ մշտապես ապահովելով աղբահեռացումը:
«Մենք սպասում ենք զբոսաշրջիկների և հովեկների մեծ հոսքի, որի համար անհրաժեշտ է պատշաճորեն կազմակերպել նրանց հանգիստն ու ժամանցը: Դա պետք է անենք համագործակցված և ամենօրյա աշխատանքով: Այս առումով համատեղ կկազմակերպենք շրջայցեր հանրային լողափերում և ջրային տարածքներում ու առաջացված խնդիրներին կտանք անհրաժեշտ լուծումներ: Շատ անհրաժեշտ է, որ Սևան քաղաքում հիմնվեն ժամանցի վայրեր, որպեսզի մի կողմից քաղաքը զբոսաշրջիկների ավելացող հոսքի հաշվին զարգանալու հնարավորություն ունենա, իսկ հովեկներն ու զբոսաշրջիկները՝ ակտիվ հանգստի և ժամանցի անցկացման հնարավորություն»,- ասել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը