Կազմվել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցանկը
Walmart սուպերմարկետների ցանցի հիմնադիր Սեմ Ուոլթոնի ժառանգների կապիտալը 151,5 միլիարդ դոլար է։ Սա խոշորագույն ունեցվածքն է միևնույն ընտանիքի ներկայացուցիչների համար։ Լենտա.ռու-ն գրում է, որ հաշվարկը կատարել է Bloomberg-ը։
Ժամանակակից ամենահարուստ ընտանիքների ընդհանուր ակտիվները կազմում են 1,1 տրիլիոն դոլար։ Ուոլթոնների դիրքը չի փոխվել անգամ տարեսկզբի անկումից հետո, երբ նրանց բաժնետոմսերի արժեքը նվազել է 14 տոկոսով։
Երկրորդ տեղում Դեյվիդ և Չարլզ Կոխ եղբայրներն են՝ նավթաքիմիական Koch Indusrties կորպորացիայի հիմնադիրները։ Երկուսով միասին ունեն 98,7 միլիարդ դոլար։ Հունիսի սկզբին 78-ամյա Դեյվիդ Կոխը հայտարարել էր, որ հեռանում է ընկերության տնօրենների խորհրդից՝ առողջական խնդիրների պատճառով։
Երրորդ տեղում Ֆրենկ Մարսի՝ համանուն շոկոլադ արտադրող Mars ընկերության հիմնադրի ժառանգներն են։ Նրանց սեփականությունը գնահատվում է 89,7 միլիարդ դոլար։
Տասնյակում են նաև բելգիական երեք ընտանիք, որոնք Anheuser-Busch InBev գարեջրագործական ընկերության տերերն են, Hermes բրենդի հիմնադիր Թյերի Հերմեսի ժառանգները, Chanel-ի սեփականատերեր՝ Ալեն և Ջերարդ Վերթհայմերները, Reliance Industries արդյունաբերական խմբի հնդիկ տերերը, Քվանդտ ընտանիքը, որին պատկանում է BMW-ն, Քարգիլլ ընտանիքը, որը Cargill Inc. կորպորացիայի տերն է և Boehringer Ingelheim դեղագործական ընկերության գերմանացի տերերը։
Վարկանիշի հեղինակները գրել են, որ այս հարստությունների ծավալը տպավորիչ է, այն ավելին է, քան Apple-ի շուկայական կապիտալիզացիան, Citigroup-ի բոլոր դեպոզիտները կամ Ինդոնեզիայի ՀՆԱ-ն։