Այվազովսկու աշխատանքները ցուցադրվելու են Նավաշինարարի օրվան նվիրված ցուցահանդեսում
Հունիսի 29-ին նշվում է Նավաշինարարի օրը։ Այդ առիթով այսօր Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանում բացվելու է ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են նաև հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու աշխատանքները։
«Այդ նկարներում, որոնք թանգարանի հավաքածուից են, ներկայացված են մեր մեր նավաստիների սխրանքները Ցուսիմյան ճակատամարտում, նավերի շինարարները։ Կտավների հեղինակներն են՝ լեգենդար ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, Բորիս Կուստոդիևը, Նիկոլայ Դորմիդոնտովը, Գեորգի Նիսկին»,- ասել է թանգարանի տնօրենը։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հուլիսի 15-ը։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։ Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը կարող եք վայելել ևս մեկ ամիս
- Այվազովսկու ցուցահանդեսը շուրջ 44 հազար այցելու է ունեցել
- Հանրահայտ ծովանկարիչ Այվազովսկու ձմեռային բնանկարները
- Շվեյցարիայում աճուրդում հայտնաբերվել է Այվազովսկու գողացված կտավը
- Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը մեկ շաբաթում ունեցել է հազարավոր այցելուներ
- Այվազովսկուն դրսում ճանաչում են հիմնականում որպես ծովանկարիչ, բայց նրա արվեստը բազմազան է. Անդրեաս Ռուբիյան
- Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը նկարչին նորովի է բացահայտելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան