ՊԵԿ-ը որևէ կազմակերպության արտոնություն չի տրամադրել. Ռաֆիկ Մաշադյան
Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից, և եթե նոր ծանուցում ստանա, կրկին կներկայանա և կտա գործին վերաբերող իր ունեցած տեղեկությունները։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահը:
Հարցին՝ արդյոք իր պատասխանները բավարարե՞լ են ԱԱԾ-ին, Ռաֆիկ Մաշադյանը նշեց, որ չի կարող գնահատական տալ, պատասխաններն էլ չի կարող հնչեցնել, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում: Նա միայն ասաց, որ իրեն հրավիրել են հարցաքննության, քանի որ ուներ որոշակի տեղեկություն ԱԱԾ կողմից հարուցված գործի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բացահայտել էր հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։ Այս բացահայտումից հետո Ռաֆիկ Մաշադյանը, ով նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրենց համար ԱԱԾ բացահայտած սխեման գաղտնիք չէր: Այդ հայտարարությունից հետո նրան հրավիրել էին հարցաքննության:
Ռաֆիկ Մաշադյանն ասաց, որ ՊԵԿ-ը որևէ կազմակերպության արտոնություն չի տրամադրել, որևէ կազմակերպության հետ հարկերի պակաս հաշվարկների պայմանավորվածություն ձեռք չի բերել։
«Մենք չենք իրականացրել վարչարարություն այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնք մեկ տարածքում գործել են 2 և ավելի կազմակերպիչների կողմից: Իմ կողմից հայտարարություն այդ մասին արվել է»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը:
Նա խնդրեց իրեն հարուցված քրեական գործով հարցեր չուղղել, քանի որ նախաքննությունն է իրականացվում, և եթե որոշակի տեղեկատվություն հրապարակի՝ կխախտի նախաքննության գաղտնիությունը:
Լրագրողի հարցի՝ արդյոք նա ներկա եղե՞լ է այն հանդիպմանը, որի ժամանակ 11 սուպերմարկետների արտոնություն է տրվել ԱՁ-ներ բացելու հետ կապված, Ռաֆիկ Մաշադյանը մեկ անգամ էլ շեշտեց, որ որևէ կազմակերպության արտոնություն չի տրվել. «ՊԵԿ-ում ոլորտային բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունենում, որտեղ քննարկվում են ոլորտին վերաբերող խնդիրները։ Այո, այն ժամանակ ես զբաղեցրել եմ Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը և ի պաշտոնե մասնակցել եմ այդ քննարկումներին»։