Հետաձգումների իմաստն այն է, որ մարդկանց պատրաստենք այդ փոփոխություններին. վարչապետ
Կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց 2018 թվականի մարտի 6-ի համապատասխան որոշումը և փոփոխություն կատարել 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշման մեջ: Այսպիսով, դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը՝ բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հանձնարարեց դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշման հետ կապված առաջիկայում քննարկումներ անցկացնել ոլորտի մասնագետների և հանրության հետ:
«Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ոլորտում ունենք խնդիր, որը պետք է անպայման կարգավորել, բայց այս ժամկետների հետաձգումներն ի վերջո անիմաստ են դառնում, եթե այս ընթացքում հանրության հետ տեղի չի ունենում երկխոսություն: Մենք հիմա ասում ենք՝ հետաձգենք ևս մեկ տարով, այդ ընթացքում գնում, մոռանում ենք, զբաղվում ուրիշ գործերով, մեկ էլ մյուս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում, մարդիկ այդ մասին տեղեկանում են լուրերի թողարկումից ու զարմանում»,- նշեց նա:
Վարչապետի խոսքով՝ այս հետաձգումների իմաստն այն է, որ խնդիրները խորությամբ հասկանան ու մարդկանց ներկայացնեն, պատրաստեն այդ փոփոխություններին.
«Ի վերջո, փիլիսոփայության առումով այս փոփոխությունները մի հսկայական մասով տրամաբանական են: Խնդիրն այն է, երբ կա գործիք և մարդը չգիտի այդ գործիքն ինչպես պետք է օգտագործի, այդ գործիքն իր դե՞մ է, թե՞ իր օգտին: Սա ընդամենը հանրային իրազեկման խնդիր է: Հետևաբար, եթե մոռանանք թեմայի մասին և կրկին հիշենք հաջորդ տարվա հունիսի 30-ին՝ նույն խնդրի առաջ ենք կանգնելու և նորից ասելու ենք եկեք մի տարի էլ հետաձգենք: Պետք է այս մեկ տարին օգտագործենք հանրության հետ մասնագիտական պրակտիկ երկխոսություն ծավալելու և ամեն ինչը բացատրելու, ներկայացնելու համար, մինչև մարդկանց համոզենք, որ այս մեխանիզմը պետք է կիրառվի հօգուտ և ոչ թե ընդդեմ իրենց»:
Հարակից հրապարակումներ`
- Դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումը հետաձգվեց
- Դեղատոմսերի հարցը քննարկման փուլում է. առողջապահության նախարար
- «Դեղատոմսով դեղերի դուրսգրումից դժգոհողները այդ բիզնեսով զբաղվողներն են»