ԵԿՄ նախագահ լինելու հայտ չեմ ներկայացրել. Արամ Սարգսյան
«Ես ինքս ինձ չեմ առաջարկել, հայտ չեմ ներկայացրել ԵԿՄ նախագահ լինելու համար»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ԵԿՄ ղեկավարի պաշտոնում իր ընտրվելու հետ կապված լուրերին:
Նա մանրամասնեց, թե ինչից հետ սկսվեցին այդ լուրերը. «Մանվել Գրիգորյանի հետ կապված դեպքերից հետո հանրային մի ստվար խումբ սկսեց ամեն ինչում մեղադրել ԵԿՄ-ին՝ թացը չորի հետ խառնելով, համարելով որ այդ կառույցն ի սկզբանե սխալ էր ստեղծված: Ես իմ պարտքը համարեցի տեսակետ ասել ԵԿՄ, նրա անցած ուղու, ձևավորման ու այսօրվա կարևորության մասին: Հավանաբար, դրանից հետո շատերը համարեցին, որ իմ ասելիքը ճիշտ է և որպես երախտագիտություն սկսեցին զանգահարել ինձ, ֆեյսբուքով գրել, որ լավ կլինի, որ ես գնամ ԵԿՄ ղեկավար: Նման կոլեկտիվ առաջարկ էլ է եղել»:
Սակայն պատգամավորը նշեց, որ ինքը քաղաքական մարդ է և ԵԿՄ նախագահ ընտրելու հարցին պետք է պատասխանի երկրապահի համագումարը:
«Գտնում եմ, որ երկրապահը կարևոր է նաև այսօր, ես պատերազմի վտանգը շատ լուրջ եմ տեսնում և համարում եմ, որ այն ռեսուրսը ինչ մենք ունենք ԵԿՄ-ում, պետք է պահպանել: Պիտի ասեմ, որ շատ շատերը չկիսեցին իմ տեսակետները, հարգանքով եմ վերաբերում բոլոր նրանց, ովքեր իմ մոտեցման կողմնակիցը չեն»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե եթե համագումարը որոշին, որ ինքը լինի ԵԿՄ նախագահ, ուրեմն կհամաձայնի, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Համագումարը շատ խնդիրներ պետք է որոշի և ես հակված եմ օգնելու այդ տղաներին, ես հակված եմ, որ ինձ ամենաբուռն քննադատող երկրապահներն ու իմ կողմնակից ամենաբուռն երկրապահները հավաքվեմ այդտեղ և իրենց միջից ընտրեն ԵԿՄ նախագահ»:
Նրա կարծիքով՝ ԵԿՄ-ում նաև կանոնադրության վերանայման խնդիր կա:
Ինչ վերաբերում է այնպիսի դիտարկումներին, թե ԵԿՄ արտոնյալ կարգավիճակ է ունեցել, պատգամավորն ասաց, որ ինքն այդպես չի կարծում. «Այն մարդը, որը 65 տարեկանում գնացել է դիրքեր և ռմբակոծում ու սպանում են այդ մարդուն, նա արտոնյալ չէ: Արտոնյալ եղել են մարդիկ, ում ղեկավարության տակ եղել է այդ երկրապահը»: