Հայ-ռուսական համաժողովի օրակարգում համագործակցության խորացման ու զարգացման հարցերն են
Հայ-ռուսական միջմարզային հարաբերությունները ծանրակշիռ դերակատարում ունեն գործընկերության զարգացման համար։ Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած Հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հայաստանի և Ռուսաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» խորագրով համաժողովում նախարարը նշեց, որ հայ-ռուսական միջմարզային համագործակցությունը առաջանային խնդիր է ՀՀ կառավարության համար:
«Մենք պետք է համատեղ ուղիներ և հնարավորություններ որոնենք համագործակցության համար՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում։ Համոզված եմ, որ կազմակերպչական հարցերի արդյունավետ լուծումների դեպքում մենք ականատես կլինենք նոր համատեղ ինովացիոն ծրագրերի իրականացմանն ու կյանքի կոչմանը», - նշեց Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ հայ-ռուսական երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման մեջ մեծ է գործարար հանրության դերը: Այսպիսով, ըստ նրա, պետք է մշակել հետագա համագործակցության նոր ուղղություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ միաժամանակ ընդայնելով նախկինում եղած համագործակցությունը։
«Ուրախ եմ նաև արձանագրել, որ տարեցտարի խորանում է երկկողմ համագործակցությունը գիտության, մշակույթի, սպորտի, առողջապահության և կրթության ոլորտներում»,-ասաց Սուրեն Պապիկյանը։
Նշենք, որ միջոցառումը նվիրված է գյուղատնտեսական արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության, հումանիտար համագործակցության ոլորտներում զարգացող թվային տնտեսության պայմաններում երկու երկրների տարածաշրջանների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի և Ռուսաստանի ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներ, երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ, տարածաշրջանների ղեկավարներ։
Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովներն սկսել են անցկացվել 2011 թվականից` Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի ռեգիոնների միջև տարբեր ուղղություններով համագործակցության խորացման ու զարգացման հարցերի քննարկման նպատակով: