«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում 5 ամսական երեխա է մահացել
Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում հունիսի 26-ին 5 ամսական տղա երեխա է մահացել։ Հիվանդանոցի վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժնի ղեկավար Աննա Չոբանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախնական ախտորոշման համաձայն՝ երեխայի մոտ հայտնաբերվել է էնտերովիրուսային վարակ, սուր միոկարդիտ, երրորդ աստիճանի սրտային անբավարարություն։
Նրա խոսքով՝ երբ երեխան տեղափոխվել է հիվանդանոց, անալիզներն անմիջապես ուղարկել են լաբորատոր հետազոտության, որի արդյունքում էնտերովիրուսը հաստատվել է:
«Երեխան մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հինգ ժամ հետո»,- ասաց Աննա Չոբանյանը:
Նշենք, որ այսօր ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, նախնական արդյունքներով՝ կան վիրուսի հատուկենտ դեպքեր, ինչը նշանակում է, որ համաճարակային վիճակի մասին խոսք գնալ չի կարող: Բայց կարող է աշխուժացման միտում լինել:
Հիշեցնենք նաև, որ հունիսի 7-ին «Արաբկիր» ԲՀ-ի վերակենդանացման բաժանմունքում 5 ամսական երեխա էր մահացել: Ըստ քննչական կոմիտեի՝ 2018թ. հունիսի 5-ին երեխային տարել են պոլիկլինիկա, որտեղ պատվաստվել է, իսկ հունիսի 7-ին փոքրիկի ինքնազգացողությունը վատացել է, և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են նույն պոլիկլինիկա, այնուհետև` «Արաբկիր» ԲՀ, որտեղ նա մահացել է: Ըստ ծնողի՝ երեխան մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
Հարակից հրապարակումներ`
- Արաբկիր ԲԿ-ում երեխայի մահը վրա է հասել սուր սրտային անբավարարության հետևանքով
- ԱՆ հաղորդագրությունը 5 ամսական երեխայի մահվան մասին
- 5 ամսական երեխայի մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ պարզաբանումը