4000 լարի` «Ջիվանու օրվա» ավանդական ճաշկերույթի համար
Հուլիսի 7-ին Ջավախքի Կարծախ գյուղում կնշվի աշուղ Ջիվանու օրը: Jnews-ին Ախալքալաքի քաղաքապետարանի Սպորտի և մշակույթի բաժնից հայտնել են, որ ծրագրով նախատեսված է՝ Սբ Հովհաննես Կարապետ եկեղեցում պատարագ, այնուհետև ծաղիկների խոնարհում Ջիվանու արձանին, այցելություն թանգարան, հանդիսավոր արարողություն (ելույթներ) և համերգային մաս։
Տեղական բյուջեից այս տարի «Ջիվանու օրվա» համար նախատեսված է 4000 լարի` բացառապես ավանդական ճաշկերույթի համար: Իսկ տոնահանդեսի մշակութային մասն ապահովելու համար գումար հատկացված չէ:
«Այս տարի 4000 լարի ենք հատկացրել, որով պետք է հյուրասիրություն կազմակերպվի 285 հոգու համար: 3 ճաշով, նորմալ բան է»,-ասել է Ախալքալաքի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը:
Ի տարբերություն անցած տարվա, այս տարի 1000 լարիով ավելի քիչ գումար է հատկացվել։
Հայ մեծ աշուղ, ժողովրդական երգիչ Ջիվանին (Սերովբե Ստեփանի Լևոնյան, 1846 մարտի 5 – 1909 մարտի 19) ծնվել է Ջավախքի Կարծախ գյուղում, Բանգոյանների հայտնի գերդաստանում և շուրջ 18 տարի (մինչև 1864 թ.) ապրել իր հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Ջավախքի մեծանուն աշուղներից մեկին՝ Սիայուն: Երկու տարվա ընթացքում պատանին այնպիսի առաջադիմություն է հանդես բերում, որ նույնիսկ դառնում է իր վարպետի մրցակիցը։ Վարպետը հայրաբար օրհնում է իր սանին և անունը դնում Ջիվանի։ Գյուղից հեռանալուց հետո Ջիվանին մեկ տարի ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, այնուհետև՝ Ալեքսանդրապոլում, իսկ 1895 թ. անվանի աշուղը կրկին վերադառնում է Թիֆլիս, որտեղ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները: Հայրենի գյուղում աշուղ Ջիվանին վերջին անգամ եղել է 1908 թվականին: Աշուղ Ջիվանին բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց»: Գաղտնիք չէ, որ մինչ Ջիվանին հայ աշուղները մեծամասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Ջիվանիով հայացավ հայ աշուղական արվեստը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս»: Այստեղ էլ պետք է փաստել, որ աշուղական ստեղծագործությունները Ջիվանիով մաքրվեցին արևելյան ելևէջումներից:
Հարակից հրապարակումներ`
- Կարծախում բացվել է Ջիվանու տուն-թանգարանի հուշային մասը
- Մեկնարկել են Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի վերականգնման աշխատանքները
- Բացվել է Ջիվանու տուն-թանգարանը
- Ջիվանու տուն-թանգարանի բացմանն ընդառաջ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան