Փաստաբանը Դոն Պիպոյին առաջադրված մեղադրանքն անհիմն է համարում
Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը հայտարարել է, որ Ասատրյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է և պետք է պատկան մարմիները քննարկեն ու ուշադրություն դարձնեն այս քրեական գործով բոլոր հանգամանքներին: Նա իր համաձայնությունն է հայտնել ՊՆ խորհրդական Արմեն Սարգսյանի արտահայտած մտահոգությանը և կազմակերպվող ստորագրահավաքին:
«Քաջատեղյակ լինելով նաև Արթուր Ասատրյանի վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերին, ցանկանում եմ նշել, որ թե բարոյական, թե իրավական հարթությունում որևէ ողջամիտ արդարացում չկա նախաքննական մարմնի որդեգրած մոտեցումներին, պաշտպանյալիս առաջադրված անհիմն մեղադրանքին, մերձավոր ազգականների հետ հեռախոսային խոսակցությունները և տեսակցությունները արգելելով փաստացի խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքին:
Անմարդկային վերաբերմունքն այն անձի նկատմամբ, ով շուրջ 25 տարի և ավել Հայաստանում չի բնակվել, ով այդ տարիներին Հայաստանից ոչ մի լումա չի գողացել, և հակառակ դրան, թե իր անձով և թե իր կապերով ամբողջ աշխարհով մեկ բարձր է պահել Հայի պատիվն ու արժանապատվությունը, բարձրացրել է Հայաստանի անունը և իր կատարած հանրահայտ գործերով նպաստել է Հայաստանի Հանրապետությունը ամբողջ աշխարհով դրական լույսի ներքո ներկայացնելուն և ճանաչեցնելուն:
Ստացվում է, որ սպանություն նախապատրաստողները ճանաչվում են ապօրինի ազատությունից զրկվածներ, տուժողներ, որով նախաքննական մարմինը միտումնավոր կամ ակամայից թուլացնում է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված Արթուր Ասատրյանի և այլ անձանց սպանության փորձի գործով ամբաստանյալների մեղադրանքները, ապացույցները, որով էլ հնարավորություն է տրվում նրանց ինչ-որ կերպ խուսափել պատասխանատվությունից, սակայն թե ում է սա ձեռնտու՝ պատասխանը դեռևս պարզ չէ:
Ցանկացած բանական մարդ, ընդհուպ նաև այս քրեական գործի հետևում կանգնած պաշտոնյանները, եթե տեղեկություն ստանան, որ իրենց ու իրենց ընտանիքի անդամներին, երեխաներին ու թոռներին ցանկանում են սպանել, անպայման կձեռնարկեն բոլոր միջոցները պարզելու համար, թե ով է իրենց թշնամին: Միգուցե իրենց թշնամին հենց ոստիկանությունից ինչ-որ պաշտոնյա է կամ այլ պաշտոնյա...բա չբռնես ու չիմանաս, թե ով է ցանկանում քեզ ու քո ընտանիքին ոչնչացնել...:
Ի վերջո, չէ, որ սպանության փորձ կատարողներին ոչինչ չի պատահել, նրանց բռնել են ոստիկանները և օրենքի սահմաններում ընթացք է տրվել այդ սպանության փորձի քրեական գործին, այսինքն՝ նրանց չեն «կերել», չեն ոչնչացրել, այլ հակառակը, եթե թեկուզ պայմանական ընդունենք, որ մինչև ոստիկանների հայտնաբերելը հանցագործությունը կանխվել է այլ անձի կողմից, ապա վերջնական հաշվով, ըստ նախաքննության վարկածի, հանցագործները հանձնվել են օրենքին...:
Գտնում եմ, որ Արթուր Ասատրյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է և պետք է պատկան մարմիները քննարկեն ու ուշադրություն դարձնեն այս քրեական գործով բոլոր հանգամանքներին՝ թե իրավական, թե բարոյական, և ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները անհիմն կալանքի տակ գտնվող Արթուր Ասատրյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ»,-մասնավորապես գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ խորհրդականը Դոն Պիպոյին ազատելու վերաբերյալ հարցում է նախաձեռնել
- Դոն Պիպոն կալանավորվեց
- «Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել է ևս 4 անձ. ԱԱԾ
- ԱԱԾ. Ձերբակալվել են Մանվել Գրիգորյանն ու Դոն Պիպոն
- Բերման ենթարկվեց Դոն Պիպոն. A1+