Արևի տակ շատ գտնվելը մաշկի քաղցկեղի վտանգ է առաջացնում. մասնագետ
«Պաշտպանվեք արևից, արևից օգուտ չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սննդաբան Հասմիկ Աբովյանը։
Մասնագետի խոսքով՝ ջերմաստիճանի բարձրացման դեպքում ամենամեծ վտանգը ջրազրկումն է, որը հատկապես վտանգավոր համարեց երեխաների համար և կոչ արեց շատ ջուր խմել:
«Չի կարելի մնալ արևի տակ հատկապես ժամը տասից մինչև տասնվեցը: Ինձ զարմացնում է, որ մարդիկ չեն վախենում արևից և այդ շոգ ժամանակ հանգիստ քայլում են։ Արևի տակ շատ գտնվելը մաշկի քաղցկեղի վտանգ է առաջացնում՝ մանավանդ սպիտակամաշկ մարդկանց համար»,- ասաց Հասմիկ Աբովյանը՝ խորհուրդ տալով անպայման օգտագործել արևապաշտպան քսուքներ:
Թերապևտ, սրտաբան Լամարա Մանուկյանն էլ Լամարա Մանուկյանը հավելեց՝ բացի սպիտակամաշկ մարդկանցից, շատ խալերով մարդիկ ևս արևայրուքից պետք է խուսափեն:
«Անհրաժեշտ է ազատ հագուստ հագնել, մարմնին կպչող, մուգ գույների հագուստ չկրել: Առողջ մարդը սովորաբար երկուսից երեք լիտր ջուր պետք է խմի, իսկ սիրտանոթային հիվանդություններ ունեցողները՝ երկու լիտրից մի քիչ պակաս»,-ասաց նա։