Հայաստանում առաջին անգամ կհնչի Այրատ Իչմուրատովի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան
Հուլիսի 2-6-ը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը դասական արվեստի սիրահարներին կպարգևի բարձրակարգ համերգներ։ Փառատոնի կազմակերպիչները Panorama.am-ին տեղեկացրեցին, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը յուրաքանչյուր օր հանդես կգա նոր համերգային ծրագրով։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանն ասում է, որ համերգային ծրագրերն ունեն յուրահատուկ կառուցվածք. դրանք ներառում են ռուս, արեւմտաեվրոպական կոմպոզիտորների հանրահայտ գործեր, բացի այդ, համերգները կմեկնարկեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով՝ ներառելով ինչպես 20-րդ դարի հեղինակների՝ Գրիգոր Եղիազարյանի, Էդգար Հովհաննիսյանի, այնպես էլ մեր ժամանակակիցների՝ Տիգրան Մանսուրյանի, Գագիկ Հովունցի, Երվանդ Երկանյանի և Վարդան Աճեմյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները: Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։
«Խորհրդանշական է, որ «Արմենիա» փառատոնը բացվելու է Գրիգոր Եղիազարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պոեմով։ Այս ստեղծագործությունը չի կատարվել շատ երկար տարիներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարողացել է գտնել սիմֆոնիկ պոեմի պարտիտուրը, թվայնացնել այն, եւ ավելի քան 30 տարիների դադարից հետո այն նորից կհնչի հայաստանյան բեմում»,- ասում է Սարգիս Բալբաբյանը։
«Արմենիա» փառատոնի նպատակներից է Հայաստան հրավիրել աշխարհում մեծ ճանաչում վայելող մենակատարների և հայ ունկնդրին հնարավորություն տալ հաղորդակից դառնալու նրանց արվեստին։ Այս տարի «Արմենիա» փառատոնին մասնակցելու են Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու մրցույթի առաջին մրցանակակիր, դաշնակահար Դենիս Կոժուխինը, աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Ցնայդերը, Մոսկվայի Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակից Աննա Ագլատովան (սոպրանո), Կարեն Շահգալդյանը, Մալթայի միջազգային մրցույթի հաղթող Աննա Ուլաիեւան և դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան։
Փառատոնի շրջանակներում ևս մեկ անակնկալ է սպասվում ունկնդիրներին։ Հայաստանում առաջին անգամ կհնչի Այրատ Իչմուրատովի «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ ֆանտազիան. օտարազգի կոմպոզիտորն անդրադառնում է մեր էպոսին:
Սարգիս Բալբաբյանը նշում է, որ հրավիրված մենակատարները մեծ ճանաչում ունեն աշխարհում, և վերջիններիս Հայաստան բերել հնարավոր է դարձել կազմակերպիչների կողմից նրանց հետ ունեցած կապերի, համագործակցության և ծավալած աշխատանքի շնորհիվ։ Մենակատարները նախ մեծ հաճույքով համագործակցում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, առանձնացնում են նվագախմբի յուրահատուկ հնչողությունը և շատ դեպքերում շեշտում, որ այն տարբերվում է եվրոպական նվագախմբերի հնչողությունից։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգները տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Հարակից հրապարակումներ`
- «Արմենիա» միջազգային փառատոնը Երևան է բերելու բազմաթիվ զբոսաշրջիկների
- «Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների