Փորձագետների առաջարկությունների հիման վրա կմշակվի էներգետիկ համակարգի ռազմավարություն
Նախատեսվում է մշակել էներգետիկ համակարգի ռազմավարություն: Այս մասին այսօր «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում էներգետիկայի բնագավառի մասնագետների հետ հանդիպում-քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Ըստ նրա՝ ռազմավարության մշակման համար շատ կարևոր է լսել վերլուծաբանների և փորձագետների կարծիքը:
«Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո ստանում եմ բազմաթիվ դիմումներ, այդ թվում՝ առաջարկություններ էներգետիկ ոլորտի բարեփոխումների, համակարգի ռազմավարության վերաբերյալ։ Եւ որպեսզի դրանք չմնան թղթի վրա, ես որոշեցի կազմակերպել քննարկում, անցկացնել բաց քննարկում, որ ինքս անձամբ լսեմ առաջարկությունները»,- նշեց նախարարը։
Արթուր Գրիգորյանի խոսքով՝ հնչած բոլոր առաջարկությունները կքննարկվեն։