Գերմանիայից Հայաստան այցելուների թիվն աճել է 47 տոկոսով
«2018թ. հունվար-մարտ ամիսներին Գերմանիայից Հայաստան այցելուների քանակն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47%-ով»: Բեռլինում Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա հիշեցրել է, որ այս տարվա հունիսի 17-ից մեկնարկել է Բեռլին-Երևան ուղիղ չվերթը, որն անկասկած զգալիորեն կնպաստի զբոսաշրջության աճին:
«Մեր ուշադրության կենտրոնում էին նաև հայ-գերմանական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը: Այս բնագավառում ԵՄ երկրների շարքում Գերմանիան ավանդաբար հանդիսանում է Հայաստանի խոշորագույն գործընկերներից մեկը, որն ակտիվորեն ներկայացված է հայաստանյան տնտեսության մեջ՝ ներգրավված լինելով ամենատարբեր ոլորտներում»,-ասուլիսին նախորդած հանդիպման ընթացքում քննարկված հարցերը ներկայացրել է նախարար Մնացականյանը:
Նա ընդգծել է, որ Գերմանիան ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարած համախառն ներդրումների ծավալով զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին։
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը, Մնացականյանը նշե; է, որ կողմերն ընդգծել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը:
«Ապրիլի 11-ին Համաձայնագիրը միաձայն վավերացվել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից, իսկ դրա միջանկյալ կիրարկումը Հայաստանի համար սկսել է հունիսի 1-ից։ Համաձայնագիրը վավերացվել է նաև ԵՄ անդամ մի շարք երկրների խորհրդարաններում և վստահ ենք, որ մոտ ապագայում Գերմանիայում այն նույնպես կանցնի ներքին բոլոր ընթացակարգերը»,-նշել է ԱԳ նախարարը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նախարարն ասել է՝ Հայաստան-Եվրամիություն օրակարգում շարունակում է բաց մնալ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը և մենք միասին խոսեցինք այս բնագավառին վերաբերող հարցերի շուրջ։
«Իմ նախորդ հանդիպումներում ևս՝ այս երկու օրվա ընթացքում ընդգծեցինք, որ վստահ ենք, որ հեշտությամբ կկարողանանք գտնել պրագմատիկ լուծումներ, որովհետև մենք որևէ հակասություն չունենք այս հարցում և լավ փորձ ունենք՝ միասին աշխատելու պրագմատիկ դաշտում և պրագմատիկ լուծումներ գտնել այս ամենի համար»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳ նախարար. Բոլոր փոփոխությունները տեղի ունեցան Սահմանադրության շրջանակում
- Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Բեռլին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան