Lինելու են ուժեր, որոնք շեմն իջեցնելու դեպքում էլ խորհրդարան չեն անցնելու. քաղտեխնոլոգ
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով ստեղծված հանձնաժողովը երեկվա նիստում որոշում է ընդունել դաշինքների ու կուսակցությունների համար անցողիկ շեմը նվազեցնել 1 տոկոսով: Առաջարկվել է սահմանել համապատասխանաբար 6 և 4 տոկոս շեմերը։
Արդյոք նոր կարգավորումը կնպաստի՞ խորհրդարանում առավել բազմազան քաղաքական պատկեր ունենալուն, Panorama.am-ի թղթակիցը հետաքրքրվեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից։
«Քաղաքականության մեջ նման տերմին կա՝ «лоскутный парламент»։ Այո, կարծում եմ՝ ուզում են բազմազանություն ապահովվել։ Ավելի ռադիկալ հատվածը, որ կարող է փողոցում մնալ, փորձում են բերել օրենսդրական դաշտ, որպեսզի այն իր գործունեությունը ծավալի ոչ թե դրսում, այլ Ազգային ժողովում։ Եթե հաշվի առնենք, որ ոչ մի իշխանության փողոցը ձեռնտու չէ և հիշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մի քանի անգամ կոչ է արել փողոցում գործունեություն չծավալել, ապա, իհարկե, յուրաքանչյուր իշխանության ձեռնտու է ընդդիմություն ունենալ պառլամենտում, քան թե փողոցում։ Կարծում եմ՝ նպատակը սա է։ Կծառայի, թե չի ծառայի, դա այլ խնդիր է»,- ասաց Կարեն Քոչարյանը։
Քաղտեխնոլոգի համոզմամբ, ընտրական շեմը որքան էլ իջեցվի կամ բարձրացվի, միանշանակ է, որ ընտրությունների՝ հենց այսօր կայանալու պարագայում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը առավելագույն ձայներ կհավաքի՝ նվազեցնելով այլ կուսակցությունների կամ դաշինքների հնարավորությունները։
«Եվ հակառակը, լինելու են ուժեր, որոնք որքան էլ շեմն իջեցվի, միևնույն է, խորհրդարան չեն անցնելու։ Դրանք մարդ-կուսակցություններն են, որոնց քանակը Հայաստանի նման փոքր երկրում սարսափելի շատ է։ Այդ ուժերն ԱԺ անցնելու շանսեր չեն ունենալու»,- համոզմունք հայտնեց Կարեն Քոչարյանը։
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև վերլուծաբան Թևան Պողոսյանի հետ։ Նա ընդգծեց՝ ցանկացած քաղաքական ուժ պետք է մեծամասնություն դառնալու նպատակ ունենա ՝ անկախ նրանից՝ որքան է անցողիկ շեմն իջեցվել կամ բարձրացվել։
«Եթե դա չէ քաղաքական ուժի նպատակը, լավ չէ։ Տոկոսները կապահովեն միայն բազմազանությունը։ Քաղաքական միավորները պետք է հավաքվեն, միասին քննարկեն, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է՝ քաղաքական ուժերն ի՞նչ ծրագրեր են բերելու և ի՞նչ են անելու, որ իրենց ծրագրերը հաղթեն։ Սա է կարևորը։ Չէ որ գալիք խորհրդարանը ոչ թե ժաանակավոր է լինելու, այլ աշխատլեւ է 5 տարի»,- ասաց Թևան Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան