ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ անդամների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանին ծանր սպառազինությունների փոխանցման դեպքերին
Ադրբեջանը, շարունակաբար խախտելով սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմը և վստահության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված ԵԱՀԿ պարտավորությունները, ուժի կիրառելով Լեռնային Ղարաբաղի դեմ և ռազմատենչ հռետորաբանությամբ ի ցույց է դնում իր կողմից խաղաղության հաստատման հանձնառության բացակայության մասին: Այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ 2018թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Աշոտ Հովակիմյանը մտահոգիչ է համարել ԵԱՀԿ նվազող ներկայությունն ու ներգրավվածությունը Հարավային Կովկասում` օրինակ բերելով Ադրբեջանի կողմից կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ:
Այս համատեքստում նշվել է, որ Ադրբեջանը մերժում է այդ պայմանավորվածությունների իրականացումը, ավելին՝ փորձում է ընդլայնել լարվածության աշխարհագրական ընդգրկումը՝ սրելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում, ուստի ամբողջական պատասխանատվություն է կրում հրադադարի ռեժիմի խախտումների և դրանց հետևանքների համար:
ԵԱՀԿ տարածաշրջանում Հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների, անվտանգության ու վստահության կառուցման հարցերին նվիրված նստաշրջանին ունեցած ելույթում Աշոտ Հովակիմյանը նշել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի հաջողության համար հակամարտության բոլոր կողմերի լիակատար ներգրավվածության կարևորությունը:
Աշոտ Հովակիմյանն ընդգծել է խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի հաջողության համար: ԱԳ նախարարի տեղակալն այս համատեքստում նշել, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այդ մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել բանակցությունների համաձայնեցված ձևաչափի բնականոն աշխատանքը։
ՀՀ պատվիրակությունը ելույթով հանդես է եկել նաև սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության վերակառուցման միջոցներին նվիրված նիստին` մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանին ծանր սպառազինությունների փոխանցման դեպքերին, որոնք տեղի են ունենում ոչ թափանցիկ ձևով և զենքերի արտահանման վերահսկման ռեժիմի խախտումներով՝ անտեսելով Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումները և ուժի կիրառման սպառնալիքները։
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվել է Բելառուսի հնարավոր ներդրումն Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում
- Ադրբեջանին ամերիկյան ռազմական ուղղաթիռներ մատակարարելու մասին Արփինե Հովհաննիսյանի նամակը հասել է
- Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն
- Քաղաքագետ. Պետական մարմինները պետք է պարզեն ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել
- Ա. Հովակիմյանը՝ ադրբեջանցի պաշտոնյային. ՍԾՏՀ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է քննարկվի ԼՂ հակամարտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան