Հայաստանի ամենափոշոտ քաղաքները
Հայաստանի չորս քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում օդում փոշու պարունակությունը թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է սահմանված նորման: Այդ տվյալները ստացվել են ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման արդյունքում:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, մայիսին Երևանում փոշու խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 1.1 անգամ, Վանաձորում՝ 2.1 անգամ, Ալավերդիում՝ 2.3 անգամ, Հրազդանում՝ 1.1 անգամ:
Նշված ժամանակահատվածում ծծմբի երկօքսիդն էլ Վանաձորում թույլատրելի նորման գերազանցել է 1.7 անգամ, Ալավերդիում` 2.3 անգամ:
Մյուս բոլոր բնակավայրերում փոշին, ծծմբի երկօքսիդը, ազոտի երկօքսիդը, ածխածնի մոնօքսիդը եղել են նորմայի սահմաններում:
Նշենք, որ ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության, մայիս ամսին ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի շուրջօրյա ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 14 ստացիոնար դիտակայաններում: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 1 289 փորձանմուշ, պասիվ նմուշառման 197 դիտակետից՝ օդի 1 395 փորձանմուշ: Երևան և Ալավերդի քաղաքների ավտոմատ դիտակայանների միջոցով կատարվել է օդի, համապատասխանաբար՝ 10 955 և 7 408 դիտարկում:
Բացի այդ, մայիսին մակերևութային ջրերի որակի մշտադիտարկում կատարվել է հանրապետության 32 գետերից 11-ում, ինչպես նաև Արփի լճի, Ախուրյանի, Ապարանի, Երևանյան լճի և Ազատի ջրամբարներում: Վերցված փորձանմուշներում որոշվել է 45-ական ցուցանիշ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան