Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք և ռազմամթերք պահելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին ձերբակալված Նազիկ Ամիրյանին 30.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար:
ՀՔԾ-ից հայտնում են. «Բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ն. Ամիրյանը Մանվել Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում գտնվող առանձնատներում մինչև 2018 թվականի հունիսի 16-ը ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 17606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ, որոնք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով:
Ն. Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է»։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Դեռ հստակ չէ՝ կկալանավորե՞ն Նազիկ Ամիրյանին, թե ոչ. ՀՔԾ պետ
- ՀՔԾ. Մանվել Գրիգորյանի կինը ձերբակալվել է
- Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել