Վերանորոգվել է Ջավախքի Կուլիկամ գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցին
Վերանորոգման աշխատանքներից հետո հուլիսի 1-ին իր դռները կբացի Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին: Jnews-ի հաղորդմամբ, եկեղեցին վերանորոգվել է ծնունդով կուլիկամցի, այժմ ռուսաստանաբնակ Ստեփան Ուզունյանի բարերարությամբ:
«Մեր եկեղեցին օծված չէր, դիմեցի հոգևորականներին, ասացին, որ եկեղեցին վերանորոգման կարիք ունի: Քանի որ մեր եկեղեցին վերանորոգել էր Ստեփան Ուզունյանը, որոշեցի իրեն դիմել, դիմեցի ու արձագանքը դրական էր: Հետո կամաց-կամաց էլի մարդիկ միացան», – ասել է Արմեն Ուզունյանը, ով համակարգել է Սբ. Երրորդություն եկեղեցու վերանորգման աշխատանքները:
Կուլիկամի եկեղեցու վերանորոգման աշխատանքները մոտավոր 4 ամիս է տևել, այդ կարճ ժամանակահատվածում շատերն են իրենց ներդրումն ունեցել:
Հուլիսի 1-ին Կուլիկամ գյուղում մեծ տոնախմբություն է նախատեսվում: Գյուղում և նրա սահմաններից դուրս բնակվող կուլիկամցիները կհավաքվեն հայրենի շեմում առաջին անգամ նշելու իրենց գյուղի օրը: Այդ օրը Կուլիկամ միանգամից երեք առիթ են նշելու՝ կվերաբացվի Սբ. Երրորդություն եկեղեցին, կբացվի արցախյան հերոսամարտի մասնակից, արմատներով Կուլիկամ գյուղից Արթուր Ղարիբյանի հուշարձանը և գյուղի հանդիսությունների տունը:
1841 թվականին «Սուրբ Կարապետ» անունով հիշատակվող եկեղեցին, հետագա բոլոր տարիներին հայտնի է «Սուրբ Երրորդություն» անունով։ 1860-ական թվականներին, Կուլիկամ գյուղի վերաբնիկները ձեռնամուխ են եղել հին եկեղեցու տեղում նոր շենք կառուցելու գործին, սակայն աշխատանքները ընդհատվել են նյութական սղության պատճառով. «…ունի մի հին քանդված եկեղեցի, որ գյուղացիների բաղդաւոր ժամանակը նորոգվեցավ մինչր կէսը, բայց երբ բազմացան նրանց գլխին կալուածատէրերի ճնշումները, նրանք այլևս ոյժ չունեցան շարունակել իրանց տաճարի վերանորոգութեան գործը…»։
1878 թվականի մի վավերագրում նշված է, թե Կուլիկամը զուրկ էր եկեղեցուց (նկատի է առնված ծխական եկեղեցի չլինելը)։ Այնուամենայնիվ, կուլիկամցիները կարողանում են ամբողջացնել շինարարությունը և օրինակ, 1884 թվականին այն արդեն գործել է։
Սուրբ Երրորդություն եկեղեցին մինչև այժմ կանգուն է։ Արևմտյան ճակտոնի գագաթին կառուցված է վեց միակտոր սյուների վրա բարձրացող զանգակատունը։ Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատից։ Եկեղեցու արևելյան ճակատին ագուցվել է գյուղի հայոց գերեզմանոցից տեղափոխված արձանագիր մի խաչքար. «ՅԻՇԱՏԱԿ Է ԽԱՉՍ | (ՀԱ)ՅՐՆ ՄՈՒՐԱԴԲ…ԾՆՈՂԻՆ…»։ Գյուղի եկեղեցու այժմյան մուտքի պատին գրված է. «ԿՈՒԼԻԿԱՄԻ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌ…1865 թ. ՎԵՐԱԿԱՌ…2000 թ.»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան