Ձեզ թվում է՝ կառչա՞ծ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից. Ռուբեն Հայրապետյան
«Կարծում եմ՝ ով էլ լինի իշխանության, սիրելու և աջակցելու է հայկական ֆուտբոլը»,- այսօր Սևանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 26-րդ համաժողովի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ն է նոր իշխանությունների վերաբերմունքը հայկական ֆուտբոլին նկատմամբ, ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ կառավարության գործնական, ամենօրյա աջակցությունը միշտ էլ կա։
Մեկ այլ հարցի, թե կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՖՖ-ի նախագահի ընտրությունը լինի երկրպագուների և ֆուտբոլային հանրության սրտով, Հայրապետյանը պատասխանեց. «Միանշանակ։ Այսօր ընտրություն չի լինելու: ՀՖՖ-ի նախագահի արտահերթ ընտրությունը կլինի փետրվար ամսին: Բացի դրանից, ի՞նչ է նշանակում` ընտրվել ֆեդերացիայի նախագահ և չլինել ֆուտբոլային հանրության նախընտրած մարդը: Եթե ֆուտբոլային հանրությունը չընտրի, ես ոչինչ անել չեմ կարող: Ձեզ թվում է՝ կառչա՞ծ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, իհարկե ոչ։ Չարաչար սխալվում եք, եթե մտածում եք ինձ ֆուտբոլային հանրությունը չուզի տեսնել այդ պաշտոնում, ես ինձ ճղելու ասեմ՝ պիտի մնամ, ոչ»: