ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման վարկը էլէներգիայի սակագնի վրա չի ազդի. նախարար
«Ռուսական վարկը, որը տրամադրվել է հայկական ատոմակայանին, չի ազդի սակագնի վրա, քանի որ մենք հաշվարկել ենք նաև այդ ռիսկերը»,- այս մասին այսօր լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ներգրավվելիք միջոցների՝ մասնավորապես 270 մլն դոլար գումարի չափով ռուսական վարկի վերադարձը կհաշվարկվի էլէներգիայի սակագնում:
Նախարարի խոսքով՝ թե էլեկտրաէներգիայի, թե գազի սակագների կառուցվածքի վերաբերյալ քննարկումներ են սկսվել: «Ուսումնասիրությունները շուտով կվերջացնենք և կպարզվի՝ ինչպես կորուստների, այնպես էլ սակագնի հարցը»,- նշեց նա:
Հարցին, թե կան տեսակետներ, որ հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել ամբողջ բնակչության համար, Արթուր Գրիգորյանն ասաց, որ սակագնի նվազեցման, վերանայման բոլոր հարցերով լիազոր, իրավասու մարմինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է: «Մենք աշխատանքներ սկսել ենք, դրանք արդյունք կտան, եթե ՀԾԿՀ-ն կկայացնի որոշում: Իհարկե մենք մեր համապատասխան վերլուծությունը կտրամադրենք Հանձնաժողովին»,- նշեց նախարարը:
Գազի սակագնի մասով էլ, ըստ նրա, քայլեր նույնպես սկսվել են։ Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ ուսումնասիրություն են կատարում՝ հասկանալու գազի գինը սահմանին և գազի գինը սահմանից ներս ինչպիսինն է: «Պետք է հասկանանք սակագնի կառուցվածքը, ավելացումները, փոփոխություններն ինչպիսի ռիսկեր են պարունակում, արդյոք այդ ավելացումները կամ կորուստները տեղին են, թե ոչ։ Ամեն ինչը հաշվի ենք առնելու։ Խնդրում եմ մի քիչ համբերություն և ժամանակ, որպեսզի աշխատենք, իսկ դրա արդյունքն անպայման կտեսնեք»,- ընդգծեց նա:
Արթուր Գրիգորյանի խոսքով՝ ընդհանրապես սակագնի նվազման հետ կապված բոլոր վերլուծությունները պետք է ունենան հիմք։ Դրա համար, ըստ նրա, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀԷՑ-ի և մնացած բոլոր արտադրող կայանների հետ էներգահամակարգ են ստեղծում, որպեսզի հասկանան՝ տվյալ ոլորտում ինչ վիճակ է և ինչի կարող են հասնել։
Անդրադառնալով էներգետիկայի շուկայի ազատականացման հարցին՝ նախարարն ասաց, որ այս ուղղությամբ աշխատանքները վաղուց սկսվել են։ Ըստ նրա՝ կա բավականին լավ իրավական և օրենսդրական դաշտ և երկու տարվա ընթացքում կավարտեն շուկայի ազատականացման գործընթացը:
«Ես ինքս շատ կարևորում եմ այդ ծրագիրը, քանի որ զարգացած երկրներում շուկայի ազատականացումը էներգետիկ համակարգի մասով բավականին առաջընթաց է ապահովել»,- ասաց նա։