ՄԻՊ. Հոգեբուժարանում որոշ անձինք բուժում են ստանում առանց իրենց համաձայնության
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն օրերս Պաշտպանի հատուկ հանձնարարությամբ չհայտարարված այց են կատարել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»:
ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ, այցի ընթացքում ուսումնասիրվել են կենտրոնի մի շարք բաժանմունքներ, առանձնազրույցներ են իրականացվել այնտեղ պահվող անձանց հետ և ուշադրություն է դարձվել նրանց առնչվող փաստաթղթերին:
«Այցի ընթացքում պարզվել է, որ հոգեբուժական կազմակերպությունում պահվում են անձինք, ովքեր ստացիոնար բուժում են ստանում առանց իրենց, իսկ առանձին դեպքերում՝ առանց օրինական ներկայացուցչի համաձայնության: Պարզվել է նաև, որ բուժում ստանալուց հրաժարվելու հարցը օրենքով սահմանված կարգով քննարկման առարկա չի դարձել, չի հրավիրվել հոգեբուժական հանձնաժողով՝ վերջիններիս ստացիոնար բուժման անհրաժեշտությունը քննարկելու համար: Ստացվում է՝ անձանց նկատմամբ իրականացվում է հարկադիր բուժում, այսինքն՝ բուժում առանց անձի իրազեկված համաձայնության և (կամ) դատարանի համապատասխան ակտի:»,-ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, անձը պետք է հնարավորություն ունենա մատչելի բացատրությունների հիման վրա իր դիրքորոշումն արտահայտել այս հարցերից յուրաքանչյուրի վերաբերյալ:
Կատարված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է նաև, որ հոգեբուժական կազմակերպությունում շարունակում են կիրառվել ֆիզիկական զսպման միջոցներ (ռետինե գոտիներ և այլն)՝ ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պահանջների խախտմամբ: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանցից մեկի պնդմամբ՝ իր նկատմամբ ֆիզիկական զսպում կիրառվել է այլ անձանց ներկայությամբ՝ ընդհանուր հիվանդասենյակում:
Առանձնազրույցների ընթացքում պարզվել են տեղեկություններ, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց չի տրամադրվում բացօթյա զբոսանքի դուրս գալու հնարավորություն։
Ըստ աղբյուրի, պարզվել է, որ բաժանմունքներից մեկում զբոսանքի դուրս բերման մատյան չի վարվում: Մեկ այլ բաժանմունքում մատյանը վարվում է թերություններով և ոչ հետևողական:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված խնդիրների լուծմանը նպաստելու և իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ»,-նշում են ՄԻՊ գրասենյակից: