Հուլիսի 11-12-ը նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանային այցը Բրյուսել. Բալայան
«Հուլիսի 11-12-ը նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել, որի շրջանակներում նա կհանդիպի Եվրոպական միության ղեկավարության հետ»,- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Նրա տեղեկացմամբ, հուլիս ամսին ծրագրվում է նաև ՀՀ արտգործնախարարի մի քանի այց, ժամկետները հստակեցվում են։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ անցյալ շաբաթ Բրյուսել կատարած պաշտոնական այցին, Տիգրան Բալայանը նշեց, որ այցը բավական հագեցած էր՝ թե բովանդակային, թե հանդիպումների տեսանկյունից։
«Գերմանիան մեր կարևոր գործընկերներից է, և այս այցելությունը ևս մեկ առիթ էր վերահաստատելու այն արժեքավոր համագործակցությունը, որ մենք հաստատել ենք Գերմանիայի հետ։ Գերմանիան շարունակելու է և ընդլայնելու է աջակցությունը Հայաստանի զարգացմանը»,- շեշտեց Բալայանը։
ԱԳՆ խոսնակը նաև տեղեկացրեց, որ հուլիսի 6-ին նախատեսվում է Միացյալ թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության մշտական փոխպետքարտուղար Սայմոն Մըքդոնալդի այցը Հայաստան։
Մինչ այդ՝ հուլիսի 3-ին էլ, Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության է դրվելու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի սատարման բանաձևի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հարակից բանաձևի նախագծերը, որոնք մայիս ամսին հավանության էին արժանացել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։
Բացի այդ՝ Բալայանը տեղեկացրեց, որ անցյալ շաբաթվանից գործարկվել է ԱԳՆ նոր կայքէջը։
«Շուտով վերափոխվելու են նաև մեր դեսպանությունների և հյուպատոսական կայքէջերը»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան