Ադրբեջանական բանակում հայտնված ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն. Տիգրան Բալայան
«ՀՀ արտգործնախարարի՝ գերմանական շրջանակների հետ հանդիպումների ժամանակ բարձրացվել է ադրբեջանա-գերմանական ռազմական համագործակցության վերաբերյալ հարցը: Առանց մանրամասների մեջ մտնելու կարելի է ասել, որ գերմանական կողմի տված պարզաբանումները լիովին բավարարում են»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակում հայտնված ամերիկյան ուղղաթիռներին, բանախոսը նկատեց, որ թեմայի շուրջ սոցցանցերում տեղ գտած ինֆորմացիան իրականությանն այդքան էլ չի համապատասխանում:
«Ուղղաթիռների հարցով մենք սկսել ենք զբաղվել շատ ավելի վաղ, քան ինֆորմացիան հայտնվել է հրապարակային դաշտում: Այս պահին մեր տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն՝ այդ ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն, դրանք արտադրվում են մի քանի երկրներում՝ ամերիկյան լիցենզիայով: Դրանց գնման ընթացակարգը եղել է ոչ ռազմական օգտագործման համար»,- ասաց Տիգրան Բալայանը:
Անդրադառնալով Նախիջևանի հետ սահմանին ադրբեջանական բանակի վերջին օրերի սադրիչ գործողություններին՝ ԱԳՆ մամուլի խոսնակը նկատեց, որ Ադրբեջանը գործում է՝ ելնելով անպատասխանատվության սկզբունքից, չկատարելով իր իսկ ստանձնած պարտավորությունները:
«Մենք շարունակաբար այս հարցը բարձրացնում ենք ինչպես համանախագահ երկրների, այնպես էլ մեր այլ գործընկեր երկրների և կազմակերպությունների առջև: Կարծում ենք՝ այստեղ համանախագահները լուրջ անելիք ունեն, որովհետև չանսալով նրանց հորդորներին, անելով լրիվ հակառակը՝ Ադրբեջանն արհամարհում է համանախագահ երկրներին»,- ասաց նա:
Հարցին՝ որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն տեղեկատվությունը, որ Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը ժամանակին նախկին իշխանավորներին օգնել է այդ երկրում անշարժ գույք ձեռք բերել, Տիգրան Բալայանը պատասխանեց. «Մեծ կոմբինատորի համբավ ունեցող անձնավորության կողմից գրված տեղեկատվությանը լուրջ մի վերաբերեք: Խնդրում եմ կոմպետենտ մարդկանց հարցնել՝ ով էր «Պանիկովսկին» հեղափոխությունից առաջ: Ձեզ մանրամասն կներկայացնեն նրա գործունեությունը: Այդ անձնավորությունը հյուրախաղերով հանդես եկողի տպավորություն է թողնում»:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը օգնել է ՀՀԿ-ական իշխանավորներին՝ ձեռքբերել անշարժ գույք Պրահայում, Կառլովի Վարիում, հանգստանալ թանկարժեք հանգստյան տներում և մատուցել այլ ծառայություններ:
Հարակից հրապարակումներ`
- Ամերկյան կողմն, ըստ էության, ուղղաթիռների վաճառքի հարցում որևէ մեղք չունի. Սուրեն Սարգսյան
- Ադրբեջանին ամերիկյան ռազմական ուղղաթիռներ մատակարարելու մասին Արփինե Հովհաննիսյանի նամակը հասել է
- Արփինե Հովհաննիսյանը նամակով է դիմել ԱՄՆ կոնգրեսականներին՝ Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված
- ՊՆ-ն կուսումնասիրի Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառելու տեղեկությունը. Արծրուն Հովհաննիսյան
- Քաղաքագետ. Պետական մարմինները պետք է պարզեն ո՞վ է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռներ վաճառել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան