Հրազդանի քաղաքապետը պաշտոնապես հրաժարական տվեց
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պաշտոնապես հրաժարական է տվել: Քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այսօր Հրազդանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ նա իր շնորհակալական խոսքն է ուղղել իր համաքաղաքացիներին.
«Սիրելի հրազդանցիներ, հարգելի ավագանու և աշխատակազմի անդամներ
Շնորհակալ եմ Ձեր երկարամյա վստահության համար: Բնականաբար`յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ դեր ու նշանակություն ունեն նրա անցած ուղին, ապրած կյանքն ու ապագայի նկատմամբ ունեցած հավատը: Ես շնորհակալ եմ նախ և առաջ իմ ծնողներին` ինձ նման դաստիարակություն տալու համար, շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իրենց հարուստ կյանքի փորձով միշտ աջակցել ու եղել են իմ կողքին, շնորհակալ եմ իմ համաքաղաքացիներին` իրենց վստահության համար: Ինձ բախտ վիճակվեց լինել այն քաղաքի ղեկավարը, որտեղ միշտ պայքարն ու հաղթանակներն ընդհանուր են եղել: Այս տարիներին մեր բազմամյա փորձն ու հմտությունները ծառայեցրինք Հրազդանի զարգացման, հրազդանցիների բարեկեցության բարձրացման ու քաղաքային տնտեսության կատարելագործման խնդիրների լուծմանը: Մեր կյանքը կառուցեցինք դժվարին, բայց արժանապատիվ մարտահրավերներին պատրաստ` մեր անցած դժվարին ճանապարհով: Գիտակցելով սեփական ինքնությունը, մենք պետք է հստակ վերաբերվենք մեր արժեքներին, սիրենք ու մեծարենք դրանք, լինենք համախմբված և ուժեղ: Ելնելով այս քաղաքական իրավիճակից, հարկ եմ համարում տալ իմ հրաժարականը: Մեկ անգամ ևս շնորհակալություն` վստահության և համատեղ աշխատանքի համար:
Խաղաղություն և համերաշխություն Ձեզ, սիրելի հրազդանցիներ»։
Հարակից հրապարակումներ`
- Հրազդանի քաղաքապետ. Թող գան, ավելի լավ աշխատեն, էլ ի՞նչ ասեմ. «Ժողովուրդ»
- Մարզպետի միջնորդությունը ստանալուց հետո ստուգումներ կիրականացվեն Հրազդանի քաղաքապետարանում. Սուրեն Պապիկյան