Մեկնարկում է «Արմենիա» երաժշտական փառատոնը
Այսօր մեկնարկում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։
Լրագրողների հետ հանդիպմանը դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորել էմիջազգային ասպարեզում մեծ ճանաչում ունեցող արտիստների այցելությունները Հայաստան, նշելով, որ մեր երկիրըմշակութային տուրիզմի զարգացման առումով մեծ հեռանկարներ ունի, և այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն։
Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը նշել է, որ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը փառատոներ է անցկացնում տարբեր երկրներում, աջակցում երաժիշտներին։ Նա նկատել է, որ ուրախ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության համար։
Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորն իր խոսքում նշել է, որ նախորդ տարի է առաջին անգամ այցելել Հայաստան և շատ լավ հիշողություններ ունի։ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հրաշալի նվագախումբ է, շատ երջանիկ եմ, որ նրանք կատարում են իմ երաժշտությունը։ Շատ եմ սպասում առաջիկա համերգներին»,- ասաց կոմպոզիտորը։
Դաշնակահար Դենիս Կոժուխինը խոսել է այս տարվա ապրիլին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ ունեցած համերգի մասին։ Դաշնակահարը նշել է, որ նվագախմբում ջերմ մթնոլորտ է, ինչը փոխանցվել է նաև մենակատարին։ Խոսելով ներկայացվելիք ստեղծագործության՝ Ալեքսեյ Շորի «Ճանապարհորդության նոթատետր» կոնցերտի մասին՝ նա ընդգծեց, որ այն շատ հետաքրքիր է և շարունակում է դասական կոմպոզիտորների ավանդույթները։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- «Արմենիա» միջազգային փառատոնը Երևան է բերելու բազմաթիվ զբոսաշրջիկների
- «Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների