Սպասելի հրաժարական էր. Կոտայքի մարզպետը՝ Հրազդանի քաղաքապետի հրաժարականի մասին
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հուլիսի 2-ին պաշտոնապես հրաժարական տվեց: Քաղաքապետը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 25-ին, իսկ իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հուլիսի 2-ին հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ, որտեղ ավագանու անդամները միաձայն կողմ են քվեարկել քաղաքապետի հրաժարականին:
Օրեր առաջ Panorama.am-ը զրուցել էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Անդրադառնալով քաղաքապետի հրաժարականին՝ մարզպետն ասել էր, որ իր համար սպասելի հրաժարական է:
«Քաղաքապետի՝ 16 տարիների կառավարման արդյունքում ունենք մի մարզկենտրոն, որտեղ չկա քաղաքային զբոսայգի, որտեղ 15 մանկապարտեզից մի քանիսն են ընդամենը վերանորոգված, ունենք բնակֆոնդի լրջագույն խնդիր: Դրանք խնդիրներ են, որոնք այս տարիներին չեն լուծվել: Ինձ համար սպասելի հրաժարական էր»,- նշել է մարզպետը:
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ ինքն իրավասու չէ քաղաքապետի թեկնածու առաջադրել, բայց կարծում է՝ հետաքրքիր առաջադրումներ կլինեն: Ըստ նրա՝ Հրազդանում կան հրաշալի երիտասարդներ, որոնք կարող են քաղաքը կառավարել:
«Բացի այդ, քաղաքական ուժերն էլ ունեն իրենց կարդերը և վստահ եմ, որ բավականին հետաքրքրիր առաջադրումներ կլինեն: Ես էլ օրենքով սահմանված կարգով՝ ընտրությունների կազմակերպման, անցկացման մասով, կանեմ առավելագույնը»,- նշել էր Կոտայքի մարզպետը: