Դեմոյանը ևս կարող է դիմել և մասնակցել. փոխնախարար
«Հայկ Դեմոյանի հետ կապված մենք երբևէ որևէ խնդիր չենք ունեցել, ես անձնապես նրան չեմ էլ ճանաչում»,- այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ՀՑԹԻ-ի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ կապված խոսակցություններին ու վերջինի կողմից հնչեցված մեղադրանքներին։
Նրա խոսքով՝ իրենց խնդիրը զուտ իրավական ընթացակարգերով և կառավարության կողմից հաստատված կանոնադրության համաձայն, այդ գործընթացն ապահովելն էր, իսկ մնացածը զուտ զգայական անհավասարակշիռ մոտեցումներ էին։
«Մեկ խնդիր էր եղել, պարոն Դեմոյանը գնացել էր ԱՄՆ և դրանից հետո փաստացի ինքը չէր ղեկավարում թանգարան ինստիտուտը։ Դրանից հետո թանգարան-ինստիտուտի կարգավիճակը փոխվել է կառավարության որոշմամբ, այն դարձել է հիմնադրամ։ Այսօրվա նիստում հոգաբարձուների խորհուրդը հայտարարեց տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ։ Հաշվի առնելով պարոն Դեմոյանի վաստակը և իր ունեցած դերը թանգարանում, նա ևս կարող է դիմել և մասնակցել մրցույթին, նրա մասնակցությունը, բնականաբար, տրամաբանական կլինի»,- ասաց փոխնախարարը։
Ինչ վերաբերում է հնչած մեղադրանքներին՝ մասնավորապես գիտական հոդվածների հետ կապված, Հովհաննիսյանն ասաց. «Զգայական, պահի տակ գրված բան էր, կարծում եմ՝ զղջացել է իր գրածի համար, քանի որ առանց անձին ճանաչելու, առանց իմանալու նրա գիտական վաստակը, նման բան է գրել։ Ես չէի ուզում պատասխանել նման ոճով գրված նամակին, բայց ընկերներս ասացին, դրեք թող հանրությունը տեսնի, քառասունմեկ հոդված ընտրեցի և դրեցի, չնայած հետագայում մեկնաբանությունների տակ ավելացվեց ևս հինգը՝ անգլերեն լեզվով։ Եթե պետք լինի կարող եմ էլի ավելացնել։ Անձին պետք է ճանաչել, ստուգել ինչ հոդվածների քանակ ունի, նոր մեղադրանք ներկայացնել»։
Անդրադառնալով պաշտոնակատար Նարինե Մարգարյանի նշանակմանը, փոխնախարարն ասաց, որ նա կոնֆլիկտների մեջ չի եղել, լավ հարաբերություններ է ունեցել Հայկ Դեմոյանի հետ, և կոմպրոմիսային տարբերակ է ընտրվել:
Փոխնախարարը համարում է, որ այս պահին դա լավագույն լուծումն է:
Ինչ վերաբերում է Դեմոյանի՝ թանգարան-ինստիտուտ մուտք գործելուն, նա նշեց. «Ֆորմալ իմաստով նա թանգարան-ինստիտուտի աշխատակից չէ, բայց գիտության մեջ ներդրում ունեցած մարդ է, պետք է նայել՝ ընթացակարգը ինչպիսին է։ Հայկ Դեմոյանը կարող է գրադարանային ֆոնդի հետ աշխատել, սակայն նա ինստիտուտի աշխատակից չէ»:
Հարակից հրապարակումներ`
- Նարինե Մարգարյանը՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար
- Ռայմոնդ Գևորգյանը՝ ՀՑԹԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
- Դեմոյան. Մենք քաղքենիների ու գեղցիների համար թամաշայի վերածելու երկիր չունենք
- ԿԳ նախարար. Պարոն Դեմոյանը փորձում է շուոներ սարքել
- Հայկ Դեմոյանն ահազանգում է ԿԳ նախարարի ու նրա տեղակալի իր աշխատասենյակ ներխուժման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները