Մեծ պատիվ է՝ հայրիկիս կյանքին նվիրված նմուշների ցուցադրությունը խորհրդարանում. Արա Բաբաջանյան
«Խորհրդարանում վաղուց ձևավորվել և շարունակվում է հայ մշակույթի ականավոր գործիչներին նվիրված ցուցադրություններ կազմակերպելու գեղեցիկ ավանդույթը»,- այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում այսօր հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ նշել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ ցուցահանդեսը բացվել է «Ռուսաստան-Հայաստան. բարեկամության կամուրջ» խորագիրը կրող միջպետական փառատոնի շրջանակում՝ երկու երկրների պաշտպանության նախարարությունների աջակցությամբ և Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամի մասնակցությամբ: Այն կրում է «Գլխավորը՝ հայրենիքին ծառայել» կարգախոսը։
«Այսօր մենք հյուրընկալում ենք 20-րդ դարի երկրորդ կեսի հայ երաժշտական արվեստի հսկաներից Առնո Բաբաջաբյանին,-նշել է ՀՀ ԱԺ նախագահը՝ հավելելով,-սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Առնո Բաբաջանյանի ողջ կյանքն ու գործունեությունը ևս մի յուրօրինակ ծառայություն էր հայրենիքին ու ժողովրդին: Եվ այն արժանացավ բացառիկ բարձր գնահատանքի: Տասնամյակներ են անցել, բայց նրա երգերը մեր շուրթերին են, իսկ կախարդական մեղեդիները՝ մեր հոգիներում»,- ասել է Բաբլոյանը։
Ցուցադրությունը խորհրդարանում կազմակերպելու համար ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին շնորհակալական խոսք է ուղղել մեծանուն կոմպոզիտորի որդին՝ Առնո Բաբաջաբյանի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանը: «Ինձ համար մեծ պատիվ է հայրիկիս կյանքին ու գործունեությանը նվիրված նմուշների ցուցադրությունը Հայաստանի խորհրդարանում»,- ասել է նա՝ ներկաներին փոխանցելով կոմպոզիտորի մեծ սերը հայրենիքի, Երևանի, հայրենակիցների նկատմամբ:
Կոմպոզիտորի որդին նշել է, որ Հիմնադրամը նպատակ ունի Երևանում ստեղծել Առնո Բաբաջանյանի թանգարան: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, կարևորելով նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ այդ առաքելության իրականացմանը կմասնակցի՝ որպես աջակցություն փոխանցելով իր մեկ ամսվա աշխատավարձը՝ գործընկերներին կոչ անելով սատարել գաղափարի իրականացմանը:
Արա Բաբաջանյանը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին Հիմնադրամի խորհրդի որոշմամբ պարգևատրել է Առնո Բաբաջանյանի անվան մեդալով՝ նկատի ունենալով նրա մեծ ներդրումը կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության պահպանման ու տարածման գործում: