Առաջնագծում գրեթե չկրակելը և զորքերի տեղաշարժը կարող են Ադրբեջանի ինչ-որ ծրագիր լինել. Արծրուն Հովհաննիսյան
«Նախիջևանում տեղի չի ունեցել որևէ մի բան, որը առաջնագծում ընդհանրապես չկար։ Զուտ ռազմական տեսանկյունից Նախիջևանում կատարվում է այն, ինչ կատարվել է 10 տարի առաջ Տավուշի հատվածում կամ 20 տարի առաջ Արցախի հատվածում»,- այսօր կայացած քննարկման ժամանակ հավաստիացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսինքն՝ միջդիրքային տարածությունները, կղզիացած բլոկպոստային սկզբունքով դրված դիրքերն ուղղակի ուրվագծային փոփոխություն են կրում։ Փորձում են իրար մոտեցնել, ավելի շահեկան դիրքեր դնել, ինչն, իհարկե, մեծացնում է ռիսկը, որ մեկ դիրքից մյուս դիրք հրաձգային զենքով կարելի է հասանելի դառնալ։ Դա իր հերթին մեծացնում է որոշակի լարվածություն, բայց ի վերջո ցանկացած զինվորականի համար ավելի կանխատեսելի ու ստաբիլ է դարձնում պաշտպանական բնագծի ուրվագիծը»,- ասաց բանախոսը։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, սակայն, այնպես չէ, որ հայկական կողմը «պասիվ քնած է եղել»։
Նա թեև չցանկացավ մանրամասներ ներկայացնել, սակայն հավաստիացրեց, որ առաջին հերթին մենք ենք ամրապնդել մեր դիրքերը։
«Սա պրոցես է, որը խրամատային լոգիկայի մեջ նորմալ է։ Այլ հարց է, թե դա ինչպես է ներկայացվում, քաղաքական ինչ պահերի է օգտագործվում։ Իհարկե, դա բերել է կրակոցների ավելացման։ Դա ինչ-որ ահազանգ է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Ադրբեջանը միգուցե ռազմավարական խնդիր է դրել, որ Նախիջևանի բնակչության ատելությունն ու լարվածության աստիճանը հավասարեցնի մյուս շրջաններին։
Հաշվի առնելով Նախիջևանի ուղղության կարևորությունը Երևանի համար՝ մենք ամրացրել, ամրացնում և ամրացնելու ենք մեր անվտանգությունն ու պաշտպանությունը»- հավաստիացրեց ՊՆ խոսնակը։
Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ սահմանին հակառակորդի ուժերի շարժի մասին իրենք հայտնել էին դեռ մարտ-ապրիլ ամիսներին, սակայն որոշ մարդկանց կողմից ահազանգը լուրջ չէր ընդունվում։
«Ասել, որ հակառակորդը հիմար է, միամտություն կլիներ։ Պարզ է, որ մեր քայլերը ևս ջղաձգում են նրան։ Այնպես չէ, որ այնտեղ չեն վախենում մեր քայլերից։ Ի վերջո մենք ևս շատ լավ սպառազինված ենք և ունենք մեր ծրագրերը։
Վերջին 1-1.5 տարում հակառակորդն առաջնագծում գրեթե չի կրակում։ Սա գումարած իր ակտիվ տեղաշարժերը, կարող է լինել ինչ-որ ծրագիր։ Ես չեմ կարող շատ փակագծեր բացել։ Եթե նայենք դիմացինի ուշադրությունը բթացնելու տեսանկյունից, եթե նայենք սեփական զորքերը մարզելու տեսանկյունից, սրանք կոնկրետ քայլեր են»,- ասաց բանախոսը։
ՊՆ մամուլի խոսնակի համոզմամբ, սխալ կլինի պնդել, որ այսօր պատերազմի վերասկսման հավանականությունն ավելի մեծ է քան երեկ կամ մեկ ամիս առաջ։ Մյուս կողմից, հակառակորդը կարող է ընդամենը լոկալ լարում առաջացնել, ինչի համար առաջնագծում և նա, և մենք ունենք բավականին հագեցած ուժեր։
«Մարդկանց խաբելու, լղոզելու համար չենք ասում, որ ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք հակառակորդի սադրանքին, և ոչ էլ նրա համար ենք ասում, որ մարդկանց հանգստացնենք։ Հակառակորդն իր սխալներից հետևություններ է անում, նոր զինատեսակներ բերում, դրանք օգտագործելով՝ լարվածության մեջ է պահում մեզ՝ ֆիզիկապես հոգնեցնելու, նյութապես հյուծելու և զգոնությունը թուլացնելու պատճառներով։
Բայց բարեբախտաբար մենք էլ ենք սպառազինվում, օր առ օր ավելի ու ավելի նոր միջոցներ ենք կիրառում, ավելի լավ ենք պատկերացնում հակառակորդի կոմբինացիաները։ Հետևաբար ոչ պետք է ասենք, որ ամեն ինչ հիանալի է, և ոչ մի վտանգ չկա, և ոչ էլ պիտի ասենք, որ հենց վաղը կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսվել»,- ամոփեց Արծրուն Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նախիջևանյան հատվածում լիակատար վերահսկողությունը պահպանելու հարցում ՀՀ ԶՈՒ-ն աջակցության կարիք չունի. Բալայան
- ՊՆ. Նախիջևանում զինծառայող է վիրավորվել
- Ալիևի նախիջևանյան գամբիտն ու թուրքական կործանիչները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին