Հայկական արտադրության համակարգիչների արտադրությունը 5%-ով աճել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի հունվար-մայիսին արտադրվել է 233 հատ համակարգիչ, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5%-ով:
Նշենք, որ 2017թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 222 համակարգիչ:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում այս տարվա հինգ ամիսներին արտադրվել է 224 հատ պլանշետ՝ 2017-ի համեմատ աճելով 4.1 անգամ:
Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա, ըստ վիճակագրության, այս տարի հայկական հեռախոսներ չեն արտադրվել, իսկ 2017թ-ի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 230 բջջային հեռախոս:
Նշենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է 2016թ-ի հունիսից:
Հիշեցնենք, որ գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ:
Փաշինյանը կոչ է արել ՀՀ բոլոր քաղաքացիներին գնումներ անելիս նախապատվություն տալ հայկական արտադրությանը:
«Դա և՛ հաճելի է, և՛ շահավետ, և՛ մեծացնում է տեղական արտադրության ու արտադրողների հնարավորությունները»,- ասել է վարչապետը: