ՀՀԿ-ն պատրաստ է առավելագույնը մեկ տարում գնալ արտահերթ ընտրությունների. Դավիթ Հարությունյան
ՀՀԿ-ն պատրաստ է առավելագույնը մեկ տարում գնալ արտահերթ ընտրությունների։
«Սկզբունքորեն ինչո՞ւ ոչ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԸՕ-ի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։
Նա միաժամանակ չմեկնաբանեց այն դիտարկումները, որ մեկ տարի հետո ՀՀԿ-ն նույնիսկ անցողիկ շեմը չի հաղթահարի:
Լրագրողները Հարությունյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս են պատրաստվում աշխատելու կառավարության նույնօրինակ հանձնաժողովի հետ։ Վերջինս ի պատասխան նկատեց, որ այսօր պլանավորում էին Կառավարության հանձնաժողովի անդամների հետ հանդիպում ունենալ, անգամ ԱԺ նախագահը հրավեր էր հղել:
«Սակայն գոնե ինձ անհայտ պատճառներով ներկայացուցիչները չկան։ Հուսանք, որ մյուս հանդիպումների ժամանակ նրանք արդեն կգան»,-ասաց նա:
Իսկ ինչ վերաբերմունք ունի Կառավարության կողմից ներկայացված երկու առաջարկներին՝ անցողիկ շեմի իջեցում և անցում ամբողջական համամասնական ընտրակարգին, Հարությունյանից հետաքրքրվեցին լրագրողները:
«Անցողիկ շեմի իջեցումը պետք է որոշակի նպատակ հետապնդի, խորհրդարանական համակարգերում շատ կարևոր է, որպեսզի լինի կայուն խորհրդարանական մեծամասնություն, իսկ շեմի նվազեցումը հակառակ ուղղությամբ է տանում պրոցեսը: Կարելի է մի երկրի օրենսդրությունից վերցնել մի հատված, այն մյուս երկրի, բայց պետք է հասկանալ ստրուկտուրան, թե ինչի համար ենք մենք դա անում: Եթե մենք պլանավորում ենք հրաժարվել խորհրդարանական մոդելից, ես կարող եմ դա հասկանալ, եթե պլանավորում ենք անցում կատարել նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգի, բայց, կարծես թե, այս պահին նման խնդիր դրված չէ, այդ դեպքում ինձ պետք է հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված այդ առաջարկությունը»,-պատասխանեց նա:
Դավիթ Հարությունյանի խոսքով, նման մոտեցումը չի խթանում կուսակցությունների կայացմանը, այլ ընդհակառակը՝ հնարավորություն է ստեղծում փոքր կուսակցությունների ստեղծման համար:
«Եթե գոնե տարիներ շարունակ լիներ կուսակցությունների նույն կազմը՝ կհասկանայի, որ պետք է թարմ արյուն մտցնել խորհրդարանական, այդ գաղափարը կընդունեի: Բայց առանց դրդապատճառի մտցնել և ներմուծել ինչ-որ գաղափար, շատ արհեստական է»,-փաստեց նախկին նախարարը:
Ինչ վերաբերում է փակ ցուցակների գաղափարին, Դավիթ Հարությունյանը նշեց, որ այժմ իրակացվում է ոչ թե ռեյտինգային համակարգ, այլ բաց ցուցակներով համամասնական ընտրակարգը, որն, իհարկե, բազմաթիվ թերություններ ունի:
«Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի ապագան հենց այն ընտրական մոդելն է, որը ներկայումս գործում է, սակայն այն, բնականաբար, ցույց կտար ոչ թե հընթացս միանգամից, այլ մեկ, երկու, երեք ընտրական ցիկլերի ընթացքում: Իհարկե, համակարգը բացասական տարրեր ունի, հատկապես այն կուսակցությունների համար, որոնք տարածքներում չունեն բաժանումներ: Պետք է բոլոր դրական և բացասական կողմերը համադրենք ու փորձենք գտնել առավել օպտիմալ լուծում»,-նշեց Հարությունյանը։
Նախկին նախարարի համոզմամբ, նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ կուսակցությունները դառնան փակ կառույցներ, որտեղ կուսակցության վերնախավը՝ նախագահը կլինի թե Գործադիր մարմինը, ինքը որոշի կուսակցականների հերթականությունը:
«Ինձ թվում է ՀՀ-ում դա վտանգավոր է, և երբևէ թույլ չի տա ձևավորվեն իսկապես ժողովրդավարական կուսակցություններ: Կարծում եմ, ժողովուրդը պետք է ազդեցություն ունենա այդ առումով»,-ասաց նա:
Ըստ հանրապետական գործչի՝ Հայաստանի համար ամենավտանգավոր հաջորդ մոտեցումն այն կլիներ, եթե հատուկ միջոցներ չձեռնարկվեն քաղաքականությունը նաև մարզեր տեղափոխելու համար: «Առանց այդ էլ ՀՀ-ում գերկենտրոնացրել ենք Երևանում: Այս մոտեցումները նման քննարկումների ընթացքում պետք է ներկայացնենք և գտնենք լուծումներ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է անցում կատարել բաց ցանկերով համապետական համամասնական ընտրակարգի. Արմեն Ռուստամյան
- Արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումները չպետք է որևէ սահմանափակում ունենան. Սերգեյ Բագրատյան
- Ընտրողների գրանցումը պետք է իրականացնել միմիայն նույնականացման քարտերի միջոցով. Դավիթ Հարոթւթյունյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան