Մեր քաղաքականությունն այն չէ՝ ով ինչպես, որտեղ ուզի, կվարի ավտոմեքենան. Փաշինյան
Կառավարությունը հավանություն է տվել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի վարչական իրավախախտումների համար վարչական ակտերով նախատեսված տուգանքները մեծ թիվ են կազմում, որոնք վարչական ակտերի հասցեատերերի կողմից չեն վճարվում` պայմանավորված երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմաններով: Նախագծի ընդունման արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարած անձինք կազատվեն պատասխանատվությունից:
Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ խոսքը վերաբերում է մինչև 2017թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ նշանակված վարչական մի շարք տուգանքներին:
Արդարադատության նախարարն էլ շեշտել է՝ խոսքը չի վերաբերում բոլոր իրավախախտումներին. կան բացառություններ, օրինակ՝ հարբած վիճակում վարելը, պետհամարանիշներն ուրիշին տրամադրելը, և մի շարք այլ սուր իրավախախտումներ:
ՀՀ վարչապետն ի պատասխան ընդգծել է, որ նշված հանգամանքը շատ կարևոր է: Նա քաղաքացիներին կոչ է արել սպասել, մինչև ԱԺ-ում օրենքն ընդունվի, համոզվել, որ օրենքը վերաբերում է այն իրավախախտումներին, որը քաղաքացին կատարել է: «Դրանից հետո լավ կլինի, որ մենք մեր ընդհանուր վարքագիծը փոխենք դեպի օրինապահություն: Տեսախցիկների և արագաչափերի հետ կապված մենք բազմիցս բարձրաձայնել ենք առկա խնդիրների մասին: Հիմա ոստիկանությունը արդարադատության նախարարության հետ համատեղ և կառավարությունը մշակում են օրենքի նախագիծ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում որոշակի փոփոխությունների մասին, որոնք որոշակիորեն կթեթևացնեն քաղաքացիների տուգանքային բեռը, բայց միևնույն ժամանակ, էականորեն կբարձրացնեն երթևեկության մասնակիցների կարգապահությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ գործող համակարգն ավելի շատ ֆիսկալ նշանակություն ունի, քան երթևեկության անվտանգության ապահովման:
«Հիմա հստակ քաղաքականություն ենք որդեգրում, համաձայն որի, նոր օրենսդրության նպատակը լինելու է երթևեկության կարգապահության բարձրացումը: Աշխատում ենք այդ ուղղությամբ, ոստիկանությունը բավականին լավ առաջարկներ է արել, և հույս ունեմ, որ փորձագիտական մակարդակում ևս կիմանանք, որ դա արդյունավետ ճանապարհ է»,- հավելել է գործադիրի ղեկավարը:
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը տեղեկացրել է, որ խոսքը վերաբերում է մոտ 1.3 մլրդ դրամի շուրջ 150 հազար իրավախախտման՝ հայտնաբերված տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով և 12.4 մլրդ դրամի շուրջ 700 հազար իրավախախտման՝ արձանագրված ճանապարհապարեկային ծառայության կողմից:
Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ սա չափազանց կարևոր որոշում է, որովհետև եթե մինչև հիմա մարդիկ չեն վճարել, ենթադրվում է, որ առնվազն նրանց մի մասն, այսպես, թե այնպես, չէր վճարելու, իսկ այդ չվճարումն իր հետևից բերում է որոշակի հետևանքներ՝ գույքի կալանքներ, դատական պրոցեսներ, ԴԱՀԿ գործառույթներ:
«Այս օրենքով մարդկանց այդ անհարմարությունից ազատում ենք ու որդեգրում հստակ քաղաքականություն. մեր քաղաքականությունն այն չէ, որ բոլորն ազատվում են բոլոր տուգանքներից, և ով ինչպես, որտեղ ուզի, կվարի ավտոմեքենան: Դրա մասին խոսք լինել չի կարող: Խոսքը հետևյալի մասին է, որ մինչև հիմա իրականացվող քաղաքականությունը, մեր համոզմամբ, ավելի շատ ոչ թե երթևեկության անվտանգությանն էր վերաբերում, այլ ֆիսկալ նշանակություն, մարդկանցից գումար հավաքելու խնդիր ուներ: Մեր քաղաքականության իմաստը փոխվում է. մենք քայլեր ենք ձեռնարկում երթևեկության անվտանգությունը բարձրացնելու համար»,- եզրափակել է վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Օսիպյան. Տուգանքների գների նվազեցում է լինելու
- Բարեխիղճ քաղաքացիները պահանջում են տուգանքների վճարած գումարները. Օսիպյանը՝ Փաշինյանին
- ԱՆ. Խախտում կատարած անձինք կազատվեն տուգանքի գումարը բռնագանձելու կապակցությամբ առաջացած կատարողական ծախսերը վճարելուց
- Հանրային քննարկում՝ երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների թեմայով
- Հուսով ենք՝ պատասխանատվության մեղմացման քաղաքականությունը բացասական ազդեցություն չի ունենա. ՃՈ
- Ոստիկանություն. Վերջին հինգ տարիների տուգանքները կչեղարկվեն
- Վարչապետն առաջարկում է ժամանակավոր դադարեցնել արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում