Արա Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից օգտվել է մի քանի անգամ. Արթուր Վանեցյան
«Իր հայտարարությամբ այդ գումարները վերադարձրել է, բայց հիմա քննությունը կիրականացնենք և պարզ կլինի: Այս պահին չեմ կարող հստակ պատասխանել», -այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե պարզ չէ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը յուրացրե՞լ է այդ գումարները, վատնե՞լ է, թե վերադարձրել հիմնադրամին:
Արթուր Վանեցյանը նշեց, որ այս պահին միայն հստակ կարող են ասել՝ Արա Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 130 մլն դրամ հանել է և խաղացել կազինոներում:
ԱԱԾ տնօրենը նաև ասաց, որ Վարդանյանը հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտից օգտվել է մի քանի անգամ:
Դիտարկմանը, թե փաստորեն վերջնական չէ այն տեղեկությունը, որ տնօրենն ամբողջությամբ վերադարձրել է գումարները, Արա Վանեցյանը մեկ անգամ ևս նշեց, որ դա միայն իր հայտարարությունն է:
«Ստուգումներ պետք է լինեն, որի ավարտից հետո կտեղեկացնենք»,- ասաց նա:
ԱԱԾ տնօրենը նաև նշեց՝ միայն այն փաստը, որ օգտագործել է հիմնադրամի բանկային քարտը, դա արդեն քրեորեն պատժելի արարք է: