ԿԲ-ն ուսումնասիրում է Հայաստան մուտք գործելու մասին հայտարարած շվեյցարական բանկի օրինականությունը
«ՀՀ կենտրոնական բանկը նման «բանկ» կամ ֆինանսական կազմակերպություն չի լիցենզավորել»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը:
Նկատենք, որ խոսքը Շվեյցարական Swissquote bank-ի մասին է, որը երեկ Երևանում կազմակերպած միջոցառման ժամանակ հայտարարեց հայաստանյան շուկա մուտք գործելու մասին: Միջոցառմանը ներկա է եղել նաև տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
«Ուշադիր եղե՛ք ու ձեր ընկերներին էլ ասեք զգուշավոր լինեն: Այս պահին Կենտրոնական բանկում ուսումնասիրություններ են իրականացվում այս «բանկ»-ի Հայաստանում գործունեության օրինականության վերաբերյալ»,-տեղեկացնում է ԿԲ ներկայացուցիչը:
Հիշեցնենք՝ երեկ միջոցառման ժամանակ հայտարարվել էր, որ Հայաստանում Swissquote bank-ը գործելու է FTH (Financial trading house) միջնորդական ընկերության միջոցով, որն առաջարկում է ծառայություններ գործակալի ֆինանսական շուկայում, մասնավորապես` Swissquote առցանց–բանկում հաշիվ բացելու միջնորդ է հանդիսանում։