Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության որպես վկա. ՀՔԾ պետ
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է որպես վկա: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարգավիճակով է հարցաքննվել Սեյրան Օհանյանը։
Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանը լինելով այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի անմիջական ենթական, ինչպե՞ս կարող էր չիմանալ «0038» գաղտնի հրամանի մասին, ՀՔԾ պետն ասաց, որ այս պահին չի ցանկանում նախաքննության գաղտնիք հրապարակել և չի ցանկանում հետագա քայլերի մասին խոսել։
«ՀՔԾ վարույթում գտնվող քրեական գործերի մասին տվյալները կհրապարակվեն այն ծավալով, որը չի վնասի նախաքննությանը»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին, ՀՔԾ պետն ասաց, որ նա երկրից բացակայում է:
Հարցին՝ մտավախություն չկա՞, որ թե Միքայել Հարությունյանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չեն ներկայանա հարցաքննության, քանի որ երկրում չեն, ՀՔԾ պետը նշեց, որ չի կարող գաղտնազերծել գործողությունների հաջորդականությունը, դա քննչական տակտիկա է:
Դիտարկմանը՝ ի՞նչ կարգավիճակով է Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել հարցաքննության, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Այս պահին հարցաքննությանը հրավիրվել է որպես վկա»:
Սերժ Սարգսյանին կհրավիրե՞ն հարցաքննության հարցին ի պատասխան՝ Սասուն Խաչատրյանն ասաց, որ չի բացահայտում իրենց գործողությունների հերթականությունը:
Նա նշեց նաև, որ հարցաքննության են հրավիրվելու բոլոր նրանք, որոնք կարող են որևէ տվյալ հայտնել Մարտի 1-ի գործի հետ կապված. «Որևէ կաշկանդվածություն՝ կապված անունների, զբաղեցրած պաշտոնների հետ չկա և հուսով եմ, որ դուք արդեն իսկ դրանում համոզվել եք»:
Լրագրողի հարցին՝ արդյոք Մարտի 1-ի գործի հետ կապված իր և ընտանիքի անվտանգության առումով մտավախություն չունի, Սասուն Խաչատրյանը բացասական պատասխան տվեց. «Ես մտավախություն չունեմ և ասեմ ինչու. եթե ամբողջ թիմն ազնիվ է և աշխատում է կոռուպցիան արմատախիլ անելու, հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, ապա այդ թիմի մի անդամին շարքից հանելը որևէ էֆեկտի չի կարող հանգեցնել: Դա իմ համոզմունքն է»:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
- Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ Մարտի 1-ի գործով. ՀՔԾ
- ՀՔԾ-ն Մարտի 1-ը բացահայտելու քաղաքական կամք ունի. Սասուն Խաչատրյան
- Մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն առնչվող տեղեկատվություն ունենալու դեպքում դիմել ՀՔԾ. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան