Ադրբեջանն աշխատում է Հայաստանի հաշվին միջազգային հարթակներում ամրապնդել իր դերը. Անժելա Էլիբեգովա
«Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է սադրանքներ կազմակերպել ինչպես առաջնագծում, այնպես էլ տեղեկատվական դաշտում: Հատկապես վերջինում սադրանքներից խուսափելու համար պետք է նախևառաջ չարտատպել և չտարածել չստուգված տեղեկություններ: Մենք այստեղ լուրջ անելիք ունենք՝ հատկապես մամուլի հետ աշխատանքներում, որպեսզի ադրբեջանական ապատեղեկատվություն չտարածվի»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Նրա խոսքով, շատ հաճախ հայ օգտատերերի մեդիագրագիտությունն այնքան է կաղում, որ նույնիսկ ակնհայտորեն .az դոմեյններով տարածվող տեղեկություններն ընդունվում են «հալած յուղի» տեղ և ակտիվորեն տարածվում են սոցկայքերում:
Ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանությունների՝ վերջին շրջանում քաղաքական դաշտում տարված աշխատանքներին՝ Անժելա Էլիբեգովան շեշտեց՝ դրանք հստակ իրականցվեցին երկու ուղղությամբ՝ ռուսական, երբ փորձ արվեց ամեն կերպ հավաստիացնել, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Ռուսաստանը տարածաշրջանում Ադրբեջանից ավելի ամուր գործընկեր չի կարող ունենալ, և ամերիկյան:
«Մենք ԱՄՆ կառավարության կողմից մի փոքր անտեսված մնացինք ճիշտ այն ժամանակահատվածում, երբ Միացյալ նահանգների նախագահը մեկ ամսում չորս շնորհավորական ուղերձ հղեց Ադրբեջանին՝ սրան գումարած ամերիկյան «Բելլ» ուղղաթիռների պատմությունը: Ադրբեջանն աշխատում է օգտվել ստեղծված իրավիճակից, որպեսզի Հայաստանի հաշվին միջազգային հարթակներում ամրապնդի իր դերը: Ռազմաարդյունաբերական ոլորտում հասունացող սկանդալ ունենք նաև գերմանական ընկերության հետ, որը պայմանագրեր է կնքել ադրբեջանական կողմի հետ»,- հիշեցրեց բանախոսը:
Անդրադառնալով երեկվանից սոցկայքերում տարածվող լուսանկարին, որտեղ Բաքվի երկնաքերերից մեկի վրա պատկերված է հայկական դրոշը՝ Անժելա Էլիբեգովան նկատեց, որ լուսանկարը կեղծ չէ, այլ զուտ ադրբեջանցիների կողմից կիքսի արդյունք։
«Հայկական դրոշը խառնել են Կոլումբիայի դրոշի հետ, որովհետև Ադրբեջանում նման կիքսեր հաճախ են տեղի ունենում, երբ Կոլումբիայի դրոշը սխալմամբ վառում են՝ խառնելով հայկականի հետ»,- ասաց ադրբեջանագետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան