Փաստաբան. Արա Վարդանյանը հիմնադրամի որևէ միջոց չի վատնել
«Պարզվեց, որ Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի գործողությունների վերաբերյալ տարածված հաղորդագրությունն ինչքան էլ ահասարսուռ էր, սակայն մեղմ ասած իրականությունից հեռու»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Նրա ներկայացմամբ, պարզվել է, որ Արա Վարդանյանը հիմնադրամի որևէ միջոց չի վատնել, չի յուրացրել, հիմնադրամի անվամբ բացված վարկային գծի բանկային քարտից կատարել են վճարումներ, այդ թվում Ա.Վարդանյանի անձնական կարիքների համար, որոնք սահմանված ժամկետում (օրերի ընթացքում) իր իսկ միջոցներից վերադարձվել են հիմնադրամի բանկային հաշվին, ու ոչ հիմա, այլ հենց ընթացքում։
«Արդյունքում` Հայաստան համահայկական հիմնադրամին, կամ այն բանկին, որի միջոցներն են օգտագործվել, պատճառվել է 0 դրամի նյութական վնաս։
Անձնական կարիքների համար ծախսվել է սփյուռքահայերի հավաքած գումարներից 0 դրամ։
Իսկ թե ինչքան վնաս պատճառեցին երեկվա հաղորդագրությունները Հայաստան համահայկական հիմնադրամին, դատեք ինքներդ։
Հ.Գ. անձնական միջոցներով խաղադրույքներ կատարելը լավ բան է, թե ոչ, յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքը, բայց դա խաղադրույք կատարողի անձնական գործն է»,-նշել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:
ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված էր. «Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:
Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը»: